Կառավարությունն առաջարկում է հարկել անհատ շինարարներին, բրոկերներին և այլ մասնագետների
«Օրենքի նախագծով առաջարկվում է 2025 թվականի հուլիսի 1-ից մի շարք մասնագիտական աշխատանքների կատարումը և ծառայությունների մատուցումը միկրոձեռնարկատիրության հարկման համակարգից և շրջանառության հարկով հարկման համակարգից տեղափոխել հարկման ընդհանուր համակարգ»,-գործադիրի այսօրվա նիստում ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
Նա թվարկեց գործունեության այդ տեսակները, որոնք են՝ իրավաբանական, հաշվապահական, գլխամասային գրասենյակների գործունեության, կառավարման հարցերով խորհրդատվության, շենքերի շինարարության, քաղաքացիական շինարարության, մասնագիտացված շինարարական գործունեության, անշարժ գույքի հետ գործառնությունների՝ վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքներով, ճարտարապետական և ճարտարագիտական գործունեության, տեխնիկական փորձարկումների և վերլուծությունների, գովազդային գործունեության և շուկայի իրավիճակի հետազոտության, մասնագիտական, գիտական ու տեխնիկական այլ գործունեության, ժամանակավոր աշխատուժով ապահովման գործունեության, առողջապահական գործունեության տեսակները:
Նախարարի խոսքով՝ նախագծերի ընդունման արդյունքում վերացվելու է հարկման տարբեր համակարգերի միջև գործարքների իրականացմամբ հաշվարկային փաստաթղթերի դուրսգրմամբ ագրեսիվ հարկային պլանավորման և հարկերի վճարումից խուսափելու հնարավորությունները:
«Գաղտնի չէ, որ Կառավարության հարկային քաղաքականությունն ուղղված է հարկման հատուկ համակարգերի, այսինքն՝ միկրոձեռնարկատիրության հարկման համակարգի և շրջանառության հարկով հարկման համակարգի կիրառության շրջանակի կրճատմանը: Այս քաղաքականության նպատակը հարկման հավասարության ու արդարության սկզբունքների ամրապնդումն է: Մասնավորապես, խնդիրն այն է, որ մասնագիտական աշխատանք կատարող բուժաշխատողը կամ ուսուցիչն իր աշխատավարձից վճարում է 20 % եկամտային հարկ, իսկ նույն կամ բազմաթիվ այլ մասնագիտական աշխատանք կատարողները, օրինակ՝ անհատ ձեռնարկատերերը, կա՛մ հարկ չեն վճարում միկրոձեռնարկատիրության համակարգում, կա՛մ վճարում են ընդամենը 5 % շրջանառության հարկ»,- հայտարարեց Հովհաննիսյանը:
Նախարարը նաև բացատրեց, որ միկրոձեռնարկատիրության հարկման համակարգում տնտեսվարող սուբյեկտներն ազատված են ձեռնարկատիրական հարկերից, իսկ շրջանառության հարկի համակարգում ձևավորվող հարկային բեռն էականորեն ցածր է հարկման ընդհանուր համակարգում նույն գործունեության համար ձևավորվող հարկային բեռի համեմատությամբ և այդ հանգամանքը գործնական հնարավորություն է ստեղծելու, որպեսզի հարկման տարբեր համակարգերի միջև գործարքների իրականացմամբ և հաշվարկային փաստաթղթերի դուրսգրմամբ իրականացվի ագրեսիվ հարկային պլանավորում, կրճատվի վճարման ենթակա հարկերի իրական ծավալը։
Նա նշեց, որ քննարկվող որոշման նախագծի փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2025 թվականի հուլիսի 1-ից և այն կքննարկվի նաև խորհրդարանում:
Հարակից հրապարակումներ`
- Աշխարհում հարկերը բարձրացնելու նման փորձ չկա, բանկային համակարգի շահույթը եթե շատ է, ապա շահութահարկն էլ է շատ. Դանիել Ազատյան
- Աղքատները վճարում են հարկերը, իսկ ավելի հարուստները չեն վճարում.Հրանտ Միքայելյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան