Սոս Հակոբյան. Վահե Մակարյանի հավատարմագրումը դադարեցնելու որոշումը ընդունվել է օրենքի կոպիտ խախտմամբ և պետք է վերացվի
Փաստաբան Սոս Հակոբյանը ստանձնել է Mediahub.am լրատվական կայքի լրագրող Վահե Մակարյանի շահերի պաշտպանությունը՝ վերջինիս և, իր, իսկ, իսկ խոսքերի համաձայն, կոնֆլիկտներ հրահրելու մեծ վարպետ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի միջև 30.10.2024թ. Ազգային ժողովի շենքի ներսում տեղի ունեցած վեճի, դրա արդյունքում Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի որոշմամբ Վահե Մակարյանի հավատարմագրումը դադարեցնելու որոշման հետ կապված հարցերով։
«Գտնում ենք, որ Վահե Մակարյանի հավատարմագրումը դադարեցնելու որոշումը ընդունվել է օրենքի կոպիտ խախտմամբ և պետք է վերացվի։ Չեն պահպանվել անգամ պատասխանատվության ենթարկելու ցանկացած վարույթի հատուկ հավասարության և լսվելու իրավունքի իրացման իրավական սկզբունքները։
Կարևորում ենք այս որոշման ապօրինի ճանաչելը նաև այն առումով, որ իշխանությունների բարեհաճությանը կոնկրետ պահի չարժանացած լրագրողների հավատարմագրումը դադարեցնելու արատավոր պրակտիկան ստանա իրավական գնահատական՝ համարելով այն խոսքի ազատության, տեղեկատվության ազատության հիմնարար սկզբունքների ճնշման փորձ։
Տեղեկացնում եմ, որ երեկ դիմել եմ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին՝ դեպքի մանրամասները արձանագրած տեսախցիկների տեսաձայնագրությունները ստանալու, իսկ դրա անհնարինության դեպքում՝ այդ տեսաձայնագրությունները իրավական գործընթացների համար առնվազն մեկ տարի պահպանելու խնդրանքով։
Հարգելի լրագրողներ,
գտնում եմ, որ հարցը չի վերաբերում բացառապես լրագրող Վահե Մակարյանի մասնագիտական գործունեության իրականացման իրավունքի պաշտպանությանը։ Այսօրինակ ապօրինի դեպքերը եղել են նաև նախկինում (օրինակ՝ Սյուզի Բադոյանի, Քնար Մանուկյանի հետ կապված դեպքերը և այլն), և մեծ հավանականությամբ չեն ավարտվի այս միջադեպով։
Ուստի, խնդրում եմ բոլորիդ հնարավորինս ակտիվ լուսաբանել այս իրավական գործընթացը՝ հանրության տեղեկություններ ստանալու իրավունքը գործնականում ապահովող լրագրողների իրավունքների պաշտպանության լույսի ներքո»,-նման հայտարարությամբ հանդես է եկել Վահե Մակարյանի շահերի պաշտպան, փաստաբան Սոս Հակոբյանը։
Հարակից հրապարակումներ`
- Անհապաղ վերականգնել լրագրող Վահե Մակարյանի հավատարմագրումը խորհրդարանում. Լրագրողական կազմակերպություններ
- Լրագրող Վահե Մակարյան. ԱԺ նախկին որևէ նախագահ իրեն թույլ չէր տալիս լրագրողի հասցեին որևէ անպարկեշտ արտահայտություն
- Ի՞նչ է տեղի ունեցել իրականում Վահե Մակարյանի և Ալեն Սիմոնյանի միջև. Լրագրողը մանրամասներ է հրապարակել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան