Դատարանը թույլ տվեց Արշակ Սրբազանին այցելել Արմեն Աշոտյանին՝ որպես խոստովանահայր
Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը կայցելի տնային կալանքի տակ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին՝ որպես խոստովանահայր։ Հակակոռուպցիոն դատարանը, դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, բավարարեց պաշտպանների միջնորդությունը։
Դատական նիստի ընթացքում Արմեն Աշոտյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանն ասաց, որ իր պաշտպանյալը Հայ առաքելական եկեղեցու դավանորդ է, դրանից ելնելով՝ կան որոշակի գործընթացներ, որոնք ենթակա են, կարծում են, պետության կողմից հարգանքի։
«Միջնորդում ենք թույլատրել Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին հոգևոր խնամակալության շրջանակներում այցելել Արմեն Աշոտյանի տնային կալանքի կրման վայր՝ բնակության վայր։ Մեր միջնորդությունը պարբերական բնույթին է վերաբերում,ոչ թե մեկանգամյա հանդիպմանը։ Այսինքն, թույլատրել բացի պաշտպաններից, Ազգայն ժողովի պատգամավորներից, ընտանիքի անդամներից, նաև կոնկրետ դեպքում Արշակ արքեպիսկոպոսի այցելությունը»,- ասաց Ռ.Մելիքյանը՝ ներկայացնելով Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գրությունն՝ ուղղված դատարանին։
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ասաց, որ որպես հոգևոր խնամքի հոգևոր ներկայացուցիչ, որպես խոստովանահայր ընտրել է Արշակ Սրբազանին։
Հանրային մեղադրողն առարկեց՝ նշելով, թե դատարանն Ա. Աշոտյանի խափանման միջոցի հարցի քննարկմանը մանրամասն արձանագրել էր, թե ում հետ կարող է Աշոտյանը շփվել. «Ես լինելով հավատացյալ, այցելում եմ եկեղեցի, բայց, գտնում եմ, չկա քրեադատավարական որևէ գործիքակազմ, որ դատարանի որոշման կայացումից հետո դատարանը հնարավորություն ունենա, առավել ևս պաշտպանական կողմը հնարավորություն ունենա դատարանին միջնորդելու Արմեն Աշոտյանին հանդիպելու, տեսակցելու։ Սա կարող է դառնալ «սովորություն»»։
«Հայաստանի Սահմանադրությունը, որը ոչ ոք դեռ չի փոխել, ասում է, որ մտքի, խղճի և կրոնի ազատություն արտահայտումը կարող է սահմանափակվել միայն օրենքով պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության, կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով։ Ինձ հիմնավորեք, թե իմ հոգևոր խոստովանահոր հետ հանդիպումն ինչպե՞ս կարող է խանգարել պետական անվտանգությանը, հասարակական կարգին, առողջությանը, բարոյականությանը կամ այլոց իրավունքների կատարմանը։
Զավեշտ է, որ առաջին քրիստոնյա պետության դատարանում նման թեմա ենք քննարկում, բայց երևի նախադեպ չի եղել կամ քիչ են եղել։
Աշխարհը շուռ չի գա, որ եթե մերժեք, բայց, վստահաբար, քրիստոնեական ընկալմանը Հայաստանում ևս մեկ հանրային հարված կհասցվի»,-ասաց Աշոտյանը։
Դատարանը, լսելով կողմերին, որոշեց բավարարել միջնորդությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան