Ալիևը Բաքվից կրկին պատերազմով է սպառնում Հայաստանին
Արևմտյան որոշ պետություններ Հայաստանին Ադրբեջանի հետ նոր պատերազմի են մղում։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Բաքվում «Հաղթանակի զբոսայգու» բացմանը։
«Հակաադրբեջանական ուժերը, իսլամատյացները, ադրբեջանաֆոբները, որոնք նստած են արևմտյան որոշ մայրաքաղաքներում, Հայաստանին նոր պատերազմի են մղում։ Այն կարող է լիակատար ողբերգություն դառնալ հայկական պետության համար»,-ասել է Ալիևը։
Նրա խոսքով՝ ինքը պաշտոնական ելույթներում և հայկական կողմի հետ շփումների ժամանակ փորձել է բացատրել հրահրումներին չտրվելու անհրաժեշտությունը։
«Իրենց (Հայաստանի) բարեկամը համարվող արևմտյան որոշ պետություններ, հանուն իրենց շահերի, պատրաստ են զոհաբերել նրանց՝ խարխլելով Հարավային Կովկասում կայունությունը, որպեսզի նորից արյուն թափվի, և նրանք նորից ձուկ բռնեն պղտոր ջրերում»,-նշել է Բաքվի առաջնորդը։ Նրա խոսքով, քանի դեռ ուշ չէ, Հայաստանը պետք է հրաժարվի սպառազինման իր քաղաքականությունից։
Հարակից հրապարակումներ`
- Ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Կազանում
- Ալիևը մեկնել է Կրեմլ՝ Պուտինի հետ բանակցությունների, իսկ Փաշինյանը պատուհանագոգին նստած նկար է հրապարակել
- Ալիևը բավականին կոշտ և վտանգավոր հայտարարություններ է հնչեցրել. Աբրահամյան