«Ժողովուրդ». Իշխանությունները հակված են Գյումրիում արտահերթ ընտրությունների գնալ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի անակնկալ հրաժարականից հետո, փաստացի, համայնքը ղեկավար չունի: Այսօր ՀՀ երկրորդ քաղաքի ավագանին նոր համայնքապետի ընտրության օրակարգով նիստ է հրավիրել:
ՏԻՄ օրենքի համաձայն՝ ավագանու նիստը համայնքի ղեկավարի կամ նրա տեղակալի որոշմամբ է հրավիրվում, սակայն քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հոկտեմբերի 27-ին ՔՊ-ի ճնշումների ներքո հրաժարական տվեց, փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանն էլ տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը. աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրելու։
Բայց այս պայմաններում, ամեն դեպքում, այսօր արտահերթ նիստ է հրավիրված. այն կկայանա եթե ավագանու 17 անդամ ներկա լինի: Եթե կամ քվորումի բացակայությամբ նիստը չկայանա, կամ կայանա, բայց համայնքի ղեկավար չընտրվի, ապա ավագանին կլուծարվի։
Իշխանությունները հակված են նաև Գյումրիում արտահերթ ընտրությունների գնալ: Ինչպես ՔՊ-ն հայտարարել է՝ իր թեկնածուն պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանն է: Կարող ենք արդեն կանխատեսել ՔՊ-ի ծրագիրը. ավագանու միջոցով տապալել համայնքապետի ընտրությունը, որպեսզի Սարուխանյանը նշանակվի ԺՊ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։