Մենք պետք աշխարհին ներկայանանք որպես խնդիրներ լուծող. Հակոբ Արշակյանը՝ կուրսանտներին
ՀՀ ԱԺ-ից հայտնում են.
«ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը նոյեմբերի 8-ին հանդիպել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտներին և հանդես եկել դասախոսությամբ: «Նորարարություն և առաջնորդություն» թեմայի շրջանակում ԱԺ փոխնախագահն ապագա սպաներին աշխատանքային գործունեության ընթացքում կուտակած իր գիտելիքներն ու փորձն է փոխանցել, խոսել ռազմարդյունաբերության ոլորտում մեր երկրի հաջողությունների, նորարարական ձեռքբերումների վերաբերյալ:
Ողջույնի խոսքում ԱԺ նախագահի տեղակալն արժևորել է սպաների առաջնորդության հմտություններն ու կարծիք հայտնել, որ սպան միայն իր աշխատանքի նկատմամբ հավատով, զինվորներին ոգևորելու, առաջնորդելու, իր հետևից տանելու ունակություններով կարող է զինվորի ոգին բարձր պահել:
Նրա կարծիքով հանրության վստահությունը վայելելու համար անպայման պետք է նոր հնարավորություններ ստեղծել զինվորների համար: «Զինվորը պետք է մտնի բանակ և նոր գիտելիքներով, նոր հմտություններվ, մարդկային նոր արժեքներով ու նոր շնչով վերադառնա հասարակություն»,- ընդգծել է ԱԺ փոխխոսնակն ու հորդորել ապագա սպաներին շարունակաբար կրթվել ու նոր գիտելիքներ ստանալ՝ համաշխարհային նորարարական զարգացումներին համընթաց քայլելու համար:
Հակոբ Արշակյանը կարևորել է այն փաստը, որ կուրսանտների շարքում նաև կանայք են՝ երկրի պաշտպանունակության բարձրացման հարցում ընդգծելով համակարգում կանանց ներգրավվածության շարունակական աճը:
Այնուհետև ծավալուն դասախոսության, ինչպես նաև հարցուպատասխանի ընթացքում ԱԺ փոխնախագահը մանրամասն խոսել է արդյունաբերական հեղափոխության փուլերի ու դինամիկայի մասին, նշել, որ 21-րդ դարում տեխնոլոգիաները զարգանում են շուրջ 1000 անգամ ավելի արագ: Այս համատեքստում նա մանրամասնել է այն ազդեցությունը, որն ունի տեխնոլոգիական հեղափոխությունը բոլոր ոլորտներում, այդ թվում՝ պաշտպանական ու անվտանգային համակարգերի վրա: Անդրադարձ է եղել նաև արհեստական բանականության ընձեռած առաջընթացին ու հնարավորություններին, նաև նորարարական համակարգերի դեմ հաճախ հանրության դիմադրության հաղթահարման ուղիներին:
«Մենք պետք աշխարհին ներկայանանք որպես խնդիրներ լուծող, և դա մեծապես նորարարության, կրթության, նոր գիտելիքներ ստանալու, չվախենալու արվեստն է: Բոլոր մարտահրավերներն էլ հաղթահարելի են, դրա համար կամք, վճռականություն, աշխատանքում նոր գիտելիքներ են պետք»,- փաստել է Հակոբ Արշակյանը:
Նշենք, որ կուրսանտներն Ազգային ժողով են այցելել պիլոտային ծրագրի շրջանակում: Նման հանդիպումների նպատակն է ապագա սպաներին զինել գործնական ու տեսական նոր գիտելիքներով:
Հարակից հրապարակումներ`
- Կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարվա ազատազրկման
- Կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 15 տարի ազատազրկման