Սյունիքում ծեծի է ենթարկվել «Մարիլա»-ի տնօրենը․ նրա վիճակը գնահատվում է ծանր
Օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
Shamshyan.com-ի տեղեկություններով, հոկտեմբերի 30-ին ժամը 19։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կապանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «գլխուղեղի վնասվածք» ախտորոշմամբ «Կապան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի, ով հայտնել է, որ վնասվածքը ստացել է վայր ընկնելու հետևանքով։
Օպերատիվորեն հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ Տեղում պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը Սյունիքի մարզի բնակիչ 63-ամյա Ալյոշա Մ․-ն է։ Ոստիկանների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ Ալյոշա Մ․-ն և վերջինիս վարորդ, Սյունիքի մարզի բնակիչ 49-ամյա Արման Մ․-ն հոկտեմբերի 30-ին ժամը 13։00-ին, Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքի «Ֆուդ կորտ» սննդի կետում վիճաբանել են Սյունիքի մարզի բնակիչ 31-ամյա Անդրանիկ Փ․-ի հետ, որից հետո վերջինս Սյունիքի մարզի բնակիչներ 31-ամյա Դավիթ Մ․-ի և 29-ամյա Արթուր Ա․-ի հետ նույն օրը ժամը 17։00-ի սահմաններում Կապան քաղաքի Գործարանային փողոցում գործող «Մարիլա» ՍՊ ընկերության դիմաց Ալյոշա Մ․-ին դուրս են կանչել ընկերության մուտքի ուղեփակոցի մոտ, ընկերության աշխատակիցների ներկայությամբ վիճաբանել են նրա հետ, սեռական բնույթի հայհոյանքներ տվել, որի ընթացքում Անդրանիկ Փ․-ն մի քանի անգամ հարվածել է Ալյոշա Մ․-ին, իսկ Դավիթ Մ․-ի կողմից Ալյոշա Մ․-ին հարվածելու արդյունքում վերջինս ընկել է գետնին և գլխով հարվածել քարին:
Արդեն նոյեմբերի 1-ի առավոտյան ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների կողմից Անդրանիկ Փ․-ն և Դավիթ Մ․-ն հայտնաբերվել և տեղափոխվել են ոստիկանություն:Ըստ բժշկի՝ Ալյոշա Մ-ն ունի գանգոսկրի կոտրվածք և վիճակը գնահատվում է ծանր:Դեպքի փաստով ոստիկանության Կապանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ալյոշա Մ․-ն «Մարիլա» ՍՊԸ-ի տնօրենն է։