Ադրբեջանի ճնշումից հետո Հորդանանը հետ է կանչել «Օսկարի» ներկայացրած 11-ամյա արցախցի Վրեժի մասին պատմող ֆիլմը
Հորդանանը հետ է կանչել հորդանանահայ կինովավերագրող Սարին Հայրապետյանի «Տունս քաղցր ա» վավերագրական ֆիլմը, որն այդ երկրի կինոհանձնաժողովն ընտրել էր «Օսկար»-ի 97-րդ մրցանակաբաշխության «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգում ներկայացնելու համար:
Deadline-ին հայտնի է դարձել, որ Ադրբեջանի ճնշման տակ է Հորդանանը հետ կանչել ֆիլմը։ Կայքի հաղորդմամբ, Ադրբեջանի կառավարությունը գրել է Հորդանանի արտաքին գործերի նախարարությանը՝ խնդրելով վերանայել ֆիլմի ընտրությունը։ Նախարարությունն էլ իր հերթին ճնշում է գործադրել Հորդանանի թագավորական կինոհանձնաժողովի վրա՝ ֆիլմը հետ կանչելու համար:
Ամերիկյան կինոակադեմիայի աղբյուրները հաստատել է, որ Հորդանանը հետ է կանչել «Տունս քաղցր ա» ֆիլմը:
Ռեժիսոր Սարին Հայրապետյանը և պրոդյուսեր Ազզա Հուրանին Deadline-ին ասել են. «Սա շատ կործանարար նորություն է մեր թիմի համար, որ արգելվել, հետևաբար լռեցրել են երեխային պատմելու իր պատմությունը իր տան և ընտանիքի հանդեպ սիրո մասին: Որպես վավերագրական ֆիլմերի հեղինակներ, այս գրաքննությունը ստիպում է մեզ էլ ավելի ակտիվ կիսվել «Տունս քաղցր ա» ֆիլմի գլխավոր հերոս Վրեժի պատմությունով, որն արտացոլում է այսօր ամբողջ աշխարհում անթիվ երեխաների փորձությունները, ովքեր արժանի են երազել ազատորեն՝ առանց պատերազմի և հակամարտության սպառնալիքի»:
Ակադեմիայից ասել են կինոգործիչներին, որ նրանք կարող են ներկայացնել «Տունս քաղցր ա» ֆիլմը դիտարկմանը՝ որպես լավագույն վավերագրական ֆիլմ, եթե նրանք հետևեն որակավորման ստանդարտ ընթացակարգերին: Ֆիլմի ստեղծող թիմը պայքարել է ԱՄՆ-ում որակավորման փուլ կազմակերպելու համար:
Վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը գրում է. «Երկրորդ հայկական ֆիլմն է, որ Ադրբեջանի պահանջով գրաքննվում է:
Առաջինը Տատյանա Սպիվակովայի «Այն ամենն, ինչ ինձ պետք է» ֆիլմն էր, որը Մարոկկոյի փառատոներից մեկից հանեցին Ադրբեջանի պահանջով:
Դիվանագիտական հիմնադրամը նամակ էր գրել Մարոկկոյի դեսպանատուն՝ հարցնելով, թե ինչ-որ բան արել են, որ պաշտպանեն ֆիլմը: Ասել էին՝ ռեժիսորը մեզ չի դիմել:
Հիմա էլ Սարին Հայրապետյանի «Տունս քաղցր ա» ֆիլմը. Ադրբեջանը հասել ա նրան, որ հանեն Հորդանանի կողմից Օսկարին ներկայացնելուց»։
Ֆիլմի կենտրոնում 11-ամյա Վրեժն է, որն ապրում է Արցախի գեղատեսիլ գյուղում` և երազում ատամնաբույժ դառնալ։ Վրեժի կյանքը կտրուկ փոխվում է, երբ պատերազմը վերսկսվում է, և նա ստիպված ընտանիքի հետ հեռանում է Արցախից։ Պատերազմի ավարտից հետո վերադառնում է ավերված հայրենիք: Վրեժը միաժամանակ դիմակայում է նոր դաժան իրողություններին, պատրաստվում ապագա մարտերին, պայքարում իր տրավմաների դեմ:
Ֆիլմն արդեն ցուցադրվել է Շեֆիլդի վավերագրական ֆիլմերի հեղինակավոր կինոփառատոնում, իսկ երևանյան պրեմիերան կայացել է «Ոսկե ծիրան» Երևանի 21-րդ միջազգային կինոփառատոնում։
Հորդանանահայ կինովավերագրող Սարին Հայրապետյանն այժմ բնակվում է ԱՄՆ-ում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին