18:42 09/11/2024 Հայաստան

Ռոսպոտրեբնադզորը մեկնաբանել է Մարբուրգի տենդի տարածման հետ կապված իրավիճակը

Մարբուրգի տենդով վարակման դեպքեր սկսել են գրանցվել ոչ էնդեմիկ տարածքներում, օրինակ՝ Ռուանդայում։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան։

«Մարբուրգի հեմոռագիկ տենդի դեպքերն ավելի հաճախակի են դարձել։ Տասն օրվա ընթացքում Ռուանդայում 66 դեպք է գրանցվել։ Մահացությունը կազմել է դեպքերի  գրեթե մեկ քառորդը», - ասել է  Պոպովան Ադլերում անցկացվող Ռուսաստան-Աֆրիկա գործընկերության ֆորումի նախարարական համաժողովի ընթացքում  «Ինֆեկցիաների դեմ պայքարի ջանքերի միավորում» նիստի ժամանակ։

Մարբուրգի վիրուսային հիվանդությունը, որը նախկինում հայտնի է եղել որպես Մարբուրգի հեմոռագիկ տենդ, ծանր հիվանդություն է, որը հաճախ մահացու է: Վիրուսը մարդկանց մոտ առաջացնում է վիրուսային հեմոռագիկ տենդի ծանր ձև: Այն պատկանում է վիրուսների նույն ընտանիքին, ինչ Էբոլա վիրուսը: Երկու խոշոր բռնկումներ, որոնք միաժամանակ տեղի են ունեցել Գերմանիայի Մարբուրգ և Ֆրանկֆուրտ քաղաքներում, ինչպես նաև Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում 1967 թվականին, նպաստել են հիվանդության նախնական հայտնաբերմանը: Բռնկումը կապված է եղել Ուգանդայից ներմուծված աֆրիկյան կանաչ կապիկների (Cercopithecus aethiops) օգտագործմամբ լաբորատոր աշխատանքների հետ:

Հիվանդության մահաբերության միջին մակարդակը կազմում է մոտ 50%: Անցյալ բռնկումների ժամանակ մահվան ելքով դեպքերի ցուցանիշը տատանվել է 24%-ից 88%-ի սահմաններում՝ կախված վիրուսի շտամից, հիվանդության վերահսկումից և բուժման որակից:

Մարբուրգի վիրուսը մարդուց մարդ է փոխանցվում վարակված մարդկանց արյան, կենսահեղուկների, ինչպես նաև այդ հեղուկներով աղտոտված մակերեսների և նյութերի (օրինակ՝ անկողնային պարագաներ, հագուստ) հետ անմիջական շփման միջոցով (վնասված մաշկի կամ լորձաթաղանթների միջոցով): 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}