«Կասպերսկի». չարագործները տրոյացի են տարածում Telegram-ի ֆինանսական ալիքների միջոցով
«Կասպերսկի» ընկերության Սպառնալիքների հետազոտությունների և վերլուծության գլոբալ կենտրոնի (GReAT) փորձագետները հայտնաբերել են վնասաբեր արշավ, որն ուղղված է ֆինանսների և թրեյդինգի ոլորտի օգտատերերին և ընկերություններին: Չարագործները Telegram-ի թեմատիկ ալիքների միջոցով տարածում են տրոյացի, որը թույլ է տալիս հեռավար հասանելիություն ստանալ սարքին լրտեսության նպատակով և գողանալ տվյալները։ Գրոհներ են գրանցվել ավելի քան 20 երկրներում։
Ընկերությունը հայտնում է, որ չարագործները Telegram-ի գրառումներին կցում են վնասաբեր ֆայլեր (.lnk, .com և .cmd տեսակի ընդլայնումներով) պարունակող արխիվներ։ Եթե օգտատերը բացի այդ ֆայլերը, սարք կբեռնվի DarkMe տրոյական վնասաբեր ծրագիրը, որը թույլ է տալիս հեռավար կատարել չարագործների սերվերի հրամանները և գողանալ տվյալները:
Գրոհողները ջանք են թափել վարակի հետքերը մանրակրկիտ թաքցնելու համար։ Օրինակ` տեղադրվելուց հետո վնասաբեր ԾԱ-ն ջնջում է այն ֆայլերը, որոնք օգտագործվել են DarkMe-ի իմպլանտը տեղ հասցնելու համար: Նրանք նաև մեծացրել են իմպլանտի ֆայլի չափը, որպեսզի բարդացնեն վերագրումը և խանգարեն հայտնաբերմանը։ Դա արվում է ֆայլին «աղբ» կոդ և տողեր ավելացնելով: Չարագործները թաքցրել են նաև այլ հետքեր. իրենց խնդիրները լուծելուց հետո նրանք ջնջում էին հետշահագործման փուլում օգտագործված ֆայլերը, գործիքները և ռեեստրի բանալիները, որպեսզի դժվարացնեն միջադեպի հայտնաբերումն ու հետաքննությունը:
Քարոզարշավը, ըստ ամենայնի, կապված է DeathStalker խմբի հետ (նախկինում Deceptikons): Այն գործում է նվազագույնը 2018-ից, որոշ տվյալներով՝ 2012-ից։ Չարագործներն աշխատում են որպես «կիբեռվարձկաններ», այսինքն՝ հաքերային ծառայություններ են մատուցում և զբաղվում ֆինանսական հետախուզությամբ. հավաքում են տարբեր առևտրային, ֆինանսական և անձնական տեղեկություններ, օրինակ՝ հօգուտ մրցակիցների։ Հիմնականում խումբը գրոհում է փոքր և միջին բիզնեսը, ֆինտեխ ընկերությունները, ֆինանսական և իրավաբանական կազմակերպությունները: Դատելով գրոհներից՝ DeathStalker-ի կազմում են չարագործներ, որոնք ունակ են մշակել իրենց սեփական գործիքները և լավ են հասկանում կիբեռսպառնալիքների լանդշաֆտը:
«Ֆիշինգի ավանդական մեթոդների փոխարեն գրոհողները վնասաբեր ԾԱ-ի տարածման համար օգտագործել են Telegram ալիքներ։ Ընդ որում, ավելի վաղ իրականացրած արշավներում նրանք վարակում էին սարքերը հաղորդակցման նաև այլ հարթակների միջոցով, օրինակ՝ Skype-ի:
Մեսենջերը կարող է ավելի մեծ վստահություն առաջացնել հնարավոր զոհերի մոտ, քան ֆիշինգային կայքը: Բացի այդ, նման հավելվածներից ֆայլեր ներբեռնելը կարող է ավելի քիչ վտանգավոր թվալ, քան ինտերնետից ներբեռնելը,- պարզաբանում է Kaspersky GReAT-ի առաջատար փորձագետ Տատյանա Շիշկովան:- Մենք սովորաբար խորհուրդ ենք տալիս զգույշ լինել տարբեր էլեկտրոնային նամակների և հղումների նկատմամբ, բայց այս արշավը ցույց տվեց, որ կարևոր է զգոն լինել նաև այլ ռեսուրսներ, ներառյալ՝ Skype-ի և Telegram-ի նման հաղորդակցման հավելվածներ օգտագործելիս»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան