Արմինե Օհանյան. Իր ստերի մեջ խճճված իշխանություն, որի գրեթե միակ արժանիքը «կռուտիտն» է
«Շփոթահար, իր անելիքը չիմացող, իր ստերի մեջ խճճված իշխանություն, որի գրեթե միակ արժանիքը բոլոր անելանելի վիճակներում արդարացումներ գտնելու անգերազանցելի շնորքն է` ժողովրդի ասած` «կռուտիտը»»,-գրում է «Հրապարակ»-ի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը։
Նա ընդգծում է՝ 6 տարվա ընթացքում ամենազարմանահրաշ ու անհավանական արդարացումներն ենք լսել` ամենախելագար ու անհեթեթ բացատրությունից մինչև նուրբ դեմագոգիա:
«Բայց միայն այն փաստը, որ դեռ կան մարդիկ, որոնք մինչ օրս հավատում են նրանց, խոսում է «կռուտիտի» հարցում նրանց մեծ տաղանդի մասին: Այն հազվագյուտ դեպքերում էլ` երբ արգումենտներ չեն գտնում, խոսում են հարափոփոխ աշխարհի, քաղաքական տուրբուլենտության մասին, որին հնարավոր չէ դիմակայել:
Բայց երբ փորձում ես վերացարկվել մեր իրականությունից և կողքից նայում ես իրադարձություններին, դժվար է չտեսնել այն աբսուրդն ու ողորմելի վիճակը, որում հայտնվել է Հայաստանն ու նրա իշխանությունը: 4 տարի շարունակ խոսել խաղաղությունից, բայց երկիրը դարձնել սողացող պատերազմի օջախ:
Զիջել անգամ Արցախը, բայց չկարողանալ հասնել կայունության և անվտանգության: Ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց չկարողանալ հասնել նույնիսկ քո 29,8 ք/կմ-ի ճանաչմանը:
Երկիրը զրկել բոլոր դաշնակիցներից` քննադատելով նրանց, և շարունակ քծնել թշնամիներին` չկարողանալ լեզու գտնել նաև նրանց հետ: Չկարողանալ վերադարձնել Բաքվի բանտերում խոշտանգվող գերիներին: Չկարողանալ առարկել և որևէ հարցում պնդել սեփական դիրքորոշումը` թշնամու հետ շփումներում:
Տենչալ խաղաղության պայմանագիր, բայց չկարողանալ գեթ մեկ ստորակետ փոխել պայմանագրի նախագծում, որ թշնամիդ է առաջարկում և անգամ այդքան զիջելու, նահանջելու, հարմարվելու պարագայում չստանալ Ալիևի այդքան «բաղձալի» ստորագրությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Արմինե Օհանյան. Ոչ թե ներդրումները հոսեցին դեպի Հայաստան, այլ Հայաստանի պետական պարտքը կրկնապատկվեց
- Որտեղի՞ց է այդ համոզմունքը, որ այդ «ուղտն իրենց դռանը չի չոքելու»․ Արմինե Օհանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան