Երևանում նշվեց Արցախի Ավետարանոց գյուղի դպրոցի 150-ամյակը
ՀՀ Գիտությունների Ազգային ակադեմիայում տեղի ունեցավ Արցախի Հանրապետության Ավետարանոց գյուղի Իվան Աթայանի անվան դպրոցի 150-ամյակին նվիրված միջոցառում։ Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի և Արցախի մտավորականներ, գիտնականներ, հանրային և հասարակական գործիչներ, Ավետարանոց գյուղի բնակիչները։
Ավետարանոցի բնակչությունը 1874 թվականին մի խնդրագիր է ուղարկել կաթողիկոսին՝ միդասյա դպրոց բացելու համար։ Մի քանի ամիս անց՝ նույն տարվա հոկտեմբերին, Ավետարանոցում բացվում է միդասյա ծխական դպրոց 25 աշակերտով, որոնց դասավանդում էր մի ուսուցիչ։
Դպրոցը մեծ հաջողությունների է հասել խորհրդային տարիներին։ Ինքնիշխան Արցախի Հանրապետության կրթության համակարգի զարգացման գործում ևս նշանակալի էր հայտնի դպրատների, այդ թվում Ավետարանոցի միջնակարգ դպրոցի ներդրումը։ Դպրոցի շրջանավարտները մասնագիտական կրթություն էին ստանում հայտնի բուհերում, նրանցից շատերը դարձել են պահանջված մասնագետներ։
2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ թշնամին գրավել է գյուղը։ Շուրջ 1500 բնակիչ ստիպված լքել է իրենց հայրենի գյուղը։
Արցախի Հանրապետության Ավետարանոց գյուղի դպրոցի շրջանավարտ, մ.գ.դ., պրոֆեսոր Կամո Աթայանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ դպրոցի ամենամեծ ձեռքբերումը հենց ազգային ոգով դաստիարակված սերունդ պատրաստելու մեջ էր, որ փայլուն կերպով իրականացրել է։
«Մենք բոլորս սպասում ենք, որ դպրոցի հերթական՝ 155, 160-ամյակներն անպայման նշելու ենք տեղում։ Իսկ դրան հասելու համար պետք է ազգը միասնական դառնա»,- նշեց Կ.Աթայանը։
Դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Շաման Հայրապետյանն ասաց՝ շատ կցանկանար դպրոցի 150-ամյակը նշվեր հենց իրենց դպրոցի կամարների ներքո, բայց, ցավոք...
«Իհարկե, շատ դժվար է։ Չկա մի պահ, որ հետադարձ հայացք չձգենք դեպի գյուղը։ Իմ սիրտն ու հոգին Արցախում են, մեր Ավետարանոցում։ Ֆիզիկապես այստեղ ենք գտնվում, բայց հոգեպես Արցախում»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան