«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել առաջին կարգի մասնագետից մինչև վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ դարձած Սարգիս Թորոսյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Առաջին կարգի մասնագետից մինչև վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ. այսպես է սկսվել Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի տեղակալ Սարգիս Թորոսյանի կենսագրությունը։ Մինչև 2018 թվականի հեղափոխությունը Սարգիս Թորոսյանը շրջագայել է նախ առողջապահության նախարարությունում, հետո արդարադատության, ապա ՀՀ նախագահի աշխատակազմում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք։ Ստացվում է, որ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը նախկին իշխանություններից է, որին մերժելով էլ ամրանում է ներկայիս իշխանությունը։
Հեղափոխության տարում Թորոսյանը տեղափոխվեց կառավարություն և հասարակ վարչության պետից դարձավ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ։
Սարգիս Թորոսյանն իր՝ 2023 թվականի հաշվետու տարվա անշարժ գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագիրը ներկայացրել է մայիսի 31-ին, որից տեղեկանում ենք, որ նա 2017 թվականին գնման եղանակով Արաբկիր վարչական շրջանում ձեռք է բերել բնակարան բազմաբնակարան շենքում և ավտոկայանատեղի: Անշարժ գույքը հաշվետու տարվա վերջում պահպանվել է: Հեղափոխությունից հետո՝ 2019 թվականին, Թորոսյանը որպես տրանսպորտային միջոց հայտարարագրել է 2011 թվականի արտադրության HYUNDAI մակնիշի ավտոմեքենա: Տրանսպորտային միջոցը հաշվետու տարվա վերջում պահպանվել է:
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի բանկային հաշիվներից մեկի մնացորդը հաշվետու տարվա սկզբում կազմել է 992 հազար դրամ, որը տարեվերջին ավելացել է՝ դառնալով 1 մլն 89 հազար դրամ։ Բանկային մյուս հաշվի մնացորդները նվազել են՝ 132 հազար դրամից դառնալով 3 հազար դրամ, վերջինը 271 հազար դրամից դարձել է կրկին 3 հազար դրամ:
Որպես կանխիկ դրամական միջոց հաշվետու տարվա սկզբում Սարգիոս Թորոսյանը հայտարարագրել է 8 մլն դրամ, ինչը տարվա վերջում դարձել է 5 մլն դրամ. կրկին նվազել է:
Տեղակալ Թորոսյանի հաշվետու տարվա եկամուտը կազմել է 19 մլն 125 հազար դրամ, որից 14 մլն 707 հազար դրամը վարչապետի աշխատակազմից ստացված աշխատավարձն է, 3 մլն 630 հազար դրամը պետական եկամուտների կոմիտեից ստացված գումարն է, 749 հազար դրամը փոխանցվել է Սլավոնական համալսարանից, որտեղ Թորոսյանը դասախոս է աշխատում 2015 թվականից, իսկ 38 հազար դրամը նրան փոխանցվել է Կառավարման ակադեմիայից:
Հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ Թորոսյանի վարկի մայր գումարը կազմել է 36 մլն 313 հազար դրամ, որից 35 մլն դրամը բնակարանների հիփոթեքի մայր գումարի մնացորդներն են: Այսինքն՝ Թորոսյանն ունի հիփոթեքով ձեռք բերված 2 բնակարան։
Հենց բնակարանի հիփոթեքի մայր գումարը մարելու համար է Թորոսյանը եկամուտ ստացել ՊԵԿ-ից՝ եկամտահարկի վերադարձի օրենքով։
Ֆինանսական միջոցների նվազումն էլ պայմանավորված է նրանով, որ Սարգիս Թորոսյանը 3.1 մլն դրամ ուղղել է վարկերի մարմանը, իսկ 7 մլն դրամ՝ անշարժ գույքի վերանորոգմանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան