«Բալասանյան» դաշինքը չբացատրեց մանդատները վայր դնելու պատճառները, բայց տեղի ունեցավ ինչ-որ մութ գործարքների արդյունքում. Պատգամավոր
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, չհաշտվելով այն փաստի հետ, որ Գյումրիում չկարողացավ միանձնյա ձևավորել համայնքային իշխանություն, ընտրություններից հետո անցավ Գյումրիում իշխանությունը լիիրավ զավթելու գործընթացին»,- ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը։
Նա նշեց, որ իշխանությունները կիրառել են հնարավոր և անհնարին բոլոր մեթոդները՝ ճնշում գործադրելով երբեմնի կոալիցիոն գործընկերների նկատմամբ՝ գործի դնելով իշխանություններին հլու-հնազանդ ծառայող իրավապահ ողջ համակարգը։
«Գյումրիում տեղի ունեցածն առկա անօրինականության, քաղաքական հետապնդումների, իշխանությունների կողմից ատելության, թշնամանքի մթնոլորտի հերթական դրսևորումն է, որի պարագայում անընդունելի և դատապարտելի է նաև հազարավոր գյումրեցիների քվե ստացած «Բալասանյան» դաշինքի դրսևորած նման վարքագիծը՝ մինչ օրս չբացատրելով գյումրեցիներին մանդատները վայր դնելու իրական պատճառները, բայց մի բան հստակ է՝ այդ ամենը տեղի ունեցավ ճնշումների, սպառնալիքների, ինչ-որ մութ գործարքների արդյունքում։ Այս ամենն իրականացվեց համայնքում իշխանությունն ամբողջությամբ զավթելու և այնտեղ կուսակցական բացարձակ իշխանություն հաստատելու նպատակով։
Գործող իշխանությունները փորձելու են առաջիկայում Գյումրիում իրականացնել իշխանության փաստացի անփոփոխության ծրագիրը»,- ասաց Մ. Մելքոնյանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավորի ելույթին արձագանքեց ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը։ Նա նշեց, որ «Բալասանյան» դաշինքի հետ ստորագրված կոալիցիոն հուշագիրը խզվելուց հետո ՔՊ-ն սկսել է ավագանիում աշխատել որպես ընդդիմադիր խմբակցություն, ու ՔՊ-ն այդպես աշխատելու էր մինչև 2026 թվականի հերթական ՏԻՄ ընտրությունները, սակայն տեղի ունեցան որոշակի իրավական գործընթացներ, որոնք տեղի են ունենում Հայաստանի մի շարք ՏԻՄ-երում։
«Հայաստանի մի շարք ՏԻՄ-երում տեղի է ունենում այս կամ այն հարցի վերաբերյալ քրեական վարույթների հարուցում, ձերբակալություններ։ Սակայն Գյումրիում դրա արձագանքը համայնքապետ ունեցող ուժի կողմից անբնական էր՝ մանդատները վայր դնելը, հրաժարականների ներկայացումը։
Եվս մեկ անգամ փաստում եմ՝ այդ որոշումներից ոչ մեկը ոչ մի կերպ չի քննարկվել, չի համաձայնացվել, ոչ մի կապ չունի ՔՊ-ի հետ։ Ոչ մի, բացարձակապես։ Երբ խոսում են բռնաճնշումների, իշխանազավթումների մասին, վստահեցնում եմ, եթե բռնաճնշող ու իշխանազավթող լինեինք, այդ ավագանիներին ինչու էինք ասում մանդատները դրեք, հենա երեք հոգու կասեինք՝ մեր ասած թեկնածուին ընտրեք»,- ասաց Վահագն Ալեքսանյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». ՔՊ-ն հասավ իր բաղձալի նպատակին, ճնշումների արդյունքում «Բալասանյան» դաշինքը տեղի տվեց
- «Բալասանյան դաշինք»-ի ցուցակի ավագանու անդամների թեկնածուներն ինքնաբացարկ են հայտնել
- «Հրապարակ». Սամվել Բալասանյանը որոշել է Գյումրին զիջել ՔՊ-ին
- Սամվել Բալասանյանին ձերբակալելու որոշում է կայացվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան