«Եթե ուզում ես շատ արտահայտել քո սերը Մասիսի նկատմամբ, ասա՝ «ես թուրքերի Մասիս սարն եմ սիրում»». Ռուստամյան
«Իրական և պատմական Հայաստան ձևակերպումը հրապարակ բերվեց պառակտիչ իր բնույթով ձեր ղեկավարի կողմից։ Բայց պետք չի պապից պապական դառնալ, շարունակել այդ միտքը զարգացնել»,- Ազգային ժողովում 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ դիմելով ՔՊ-ականներին։
Ըստ նրա, կան Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, Սահմանադրությամբ ՀՀ կառավարությունը բոլոր քաղաքացիների շահերը պետք է պաշտպանի, հիմա պարզվում է՝ ինչ-որ նոր կատեգորիա կարող է առաջանալ՝ «իրական Հայաստանի քաղաքացի»։
«Պարզ հարց է առաջանալու՝ Հայաստանի ո՞ր քաղաքացիներն են կառավարության համար համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ, որոնք՝ ոչ։ Այս առումով սա շատ խորը գնացող հետևությունների տեղիք է տալիս՝ ինչպես է դա տարանջատվելու»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Նա նշեց, որ մոտավորապես հասկանում է. «Ձեր հայտարարություններից բխում է, որ, օրինակ, Հայաստանի այն քաղաքացիները, որոնք իրենց տանը կունենան Արարատ լեռան նկարը, պրոբլեմ են ունենալու, որովհետև Արարատը պետք է արագ փոխարինվի Արագածով:
Եթե, օրինակ, արտասանեն «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը ու հասնեն այն տողին, որ «աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա, որպես անհաս փառքի ճամփա` ես իմ Մասիս սարն եմ սիրում», կասեն` ո՞նց թե քո Մասիս սարը, ո՞վ ասաց, որ Մասիս սարը քոնն է, իսկ եթե ուզում ես շատ արտահայտել քո սերը Մասիսի նկատմամբ, ասա, որ «ես թուրքերի Մասիս սարն եմ սիրում», կլինի շատ ճիշտ, խնդիր չի առաջացնի հարևանների հետ։
Եթե որևէ մեկը համարձակություն ունենա ու ասի, որ Ղազանչեցոցը, Ամարասը, Դադիվանքը հայկական եկեղեցիներ են և ստեղծվել են այն ժամանակ, երբ Ադրբեջանն անգամ չկար` լուրջ պրոբլեմ է ունենալու Ադրբեջանի հետ ու «իրական Հայաստան»-ի համար առաջացնելու է սպառնալիքներ։
Կանգնեք, այսպես շարունակել չի կարելի։ Մեր ժողովուրդը պետք է կողմնորոշվի՝ պատրաստվո՞ւմ է այս ստուգատեսն անցնի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի և իրական Հայաստանի քաղաքացի հասկացությունների մեջ, թե՞ ոչ։ Սա արդեն մեր ժողովրդի որոշելու հարցն է»:
Արմեն Ռուստամյանի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին