Ֆրանսիան կոշտ է պատասխանել Ալիևի հայտարարությանը
Ֆրանսիայի՝ էկոլոգիական անցման հարցերով նախարար Անյես Պանիե-Ռյունաշեն երկրի խորհրդարանում ունեցած ելույթում կտրուկ է արձագանքել Բաքվում ընթացող COP 29 համաժողովի բացման արարողության ժամանակ Ֆրանսիայի և Եվրոպայի վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած որակումներին:
«Ֆրանսիայի և Եվրոպայի դեմ նախագահ Ալիևի կատարած արտահայտություններն անընդունելի են: Անհնար է արդարացնել ուղղակի հարձակումները մեր երկրի, նրա ինստիտուտների և տարածքների նկատմամբ: Ադրբեջանը սեփական շահերի համար է օգտագործում կլիմայի փոփոխության դեմ պայքարը, ինչը վայել չէ: Այդ հարձակումները CCNUCC-ի (Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողով) վարքի կոդեքսի կոպտագույն խախտում են: Դրանք անպատասխան չեն մնա: Զավեշտալի է նաև, որ ռեպրեսիվ և ազատության դեմ հանդես եկող Ադրբեջանի վարչակարգը մարդու իրավունքների վերաբերյալ դասեր է տալիս»,- հայտարարել է Անյես Պանիե-Ռյունաշեն:
Նախարարն անընդունելի է համարում նաև հանածո վառելիքի տեսակների նկատմամբ Ադրբեջանի աջակցության արտահայտություններն այն դեպքում, երբ ֆրանսիական և եվրոպական դիվանագիտությունը COP 28-ում հասել է հանածո վառելիքի տեսակների օգտագործումից աստիճանաբար հրաժարվելու վերաբերյալ համընդհանուր համաձայնության ձեռքբերման:
«Դա արժանի չէ COP-ում նախագահությանը: Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել Բրազիլիային և Մեծ Բրիտանիային, որոնք պարտավորվել են վերանայել ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման իրենց թիրախները՝ դարձնելով դրանք ավելի հավակնոտ: Կլիմայի փոփոխության դեմ արդյունավետ պայքարելու համար միջազգային հանրությունը պահանջում է հենց նման դրական դինամիկա, այլ ոչ թե ցածրակարգ հարձակումներ»,- ընդգծել է Անյես Պանիե-Ռյունաշեն:
Նրա խոսքով՝ նոր իրավիճակում, Ֆրանսիայի նախագահի և վարչապետի հետ քննարկելուց և համաձայնեցնելուց հետո, որոշել է ձեռնպահ մնալ հաջորդ շաբաթ Բաքու մեկնելուց:
«Նաև ցանկանում եմ հավաստիացնել, որ ֆրանսիական բանակցային խմբերն իմ հեռահար աջակցությամբ անխոնջ կաշխատեն մեր եվրոպացի գործընկերների հետ՝ պաշտպանելու մոլորակը և մեր բնակիչներին: Մենք կշարունակենք հետամուտ լինել ամենահավակնոտ նպատակներին՝ իրացնելու Փարիզյան համաձայնագրի (2015 թվականի – խմբագր.) դրույթները, որոնք պաշտպանում ենք ստորագրելուց 10 տարի անց»,-հայտարարել է Անյես Պանիե-Ռյունաշեն:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որը Բաքվում հյուրընկալում էր ՄԱԿ-ի COP29 կլիմայի շուրջ բանակցությունները, արժանացել է խաղաղօվկիանոսյան որոշ կղզի երկրների պատվիրակների բուռն ծափահարություններին, երբ ագրեսիվ ռազմատենչ, հակասական և քաղաքականացված ելույթից հետո քննադատել է Փարիզին Ֆրանսիայի կողմից կառավարվող Խաղաղօվկիանոսյան արշիպելագը ցնցած մայիսյան բողոքի ցույցերը ճնշելու մեջ։
«Ֆրանսիայի հանցագործություններն իր, այսպես կոչված, անդրծովյան տարածքներում թերի կլինեն առանց մարդու իրավունքների վերջին խախտումների մասին հիշատակման»,-հայտարարել է Ալիևը և հավելել. «Նախագահ (Էմանուել) Մակրոնի վարչակարգը Նոր Կալեդոնիայում կանակների ժողովրդի օրինական բողոքի ցույցերի ժամանակ սպանել է 13 մարդու և վիրավորել 169-ին»։
Հարակից հրապարակումներ`
- COP29-ի շրջանակներում կայացել է Էրդողան-Ալիև հանդիպումը
- Բոյկոտել COP29-ի անցկացումն Ադրբեջանում, պահանջել անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին. Ֆրանսիացի գործիչների կոչը