«Գոյ»-ի դերասանուհի. Հունվարի 30-ից օտարվել եմ իմ մասնագիտությունից
«Բառերով չեմ կարող նկարագրել, թե ինչ եմ զգում, որ չեմ կարողանում բեմ դուրս գալ։ Վերջին անգամ բեմ եմ դուրս եկել հունվարի 30-ին, խաղացել եմ Ալբեր Քամյուի «Օտարը» և այդ օրվանից օտարվել եմ իմ մասնագիտությունից»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Գոյ» թատրոնի դերասանուհի Էլիզա Մանթաշյանը։
Նա նշեց, որ որևէ այլ թատոնում չի աշխատի, որևէ համագործակցության չի համաձայնել, իրեն համարում է «Գոյի» նվիրյալ։
«Միակ թատրոնը, որ ուզում եմ աշխատել, Արմեն Մազմանյանի անվան «Գոյ» թատրոն է, իմ ուժերի չափով պայքարելու եմ բեմ վերադառնալու համար»,- ասաց դերասանուհին։
Նա վստահ է, որ դեռ հանդիսատեսի առջև «Գոյ»-ը բացելու է թատրոնի դռները։
«Վերադառնալուց հետո կուզեմ առաջին դերս կրկին լինի «Օտարը»՝ օտարը հետ գա ու օտարված չլինի ինքն իրենից ու իր տարածքից»,- նշեց Է. Մանթաշյանը։
Այսօր «Գոյ» թատրոնի անձնակազմը ՄԻՊ գրասենյակի դիմաց բողոքի ակցիա իրականացրեց։ Դեռևս փետրվարին դիմում էին ներկայացրել ՄԻՊ-ին, սակայն մինչ այս պահը չունեին որևէ պատասխան, ուստի գնացել էին ՄԻՊ՝ հասկանալու, ինչո՞ւ են լուռ։
Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ «Գոյ» թատրոնը միավորվել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին, սակայն «Գոյ» թատրոնի դերասանական ու ստեղծագործական կազմը դեմ է այդ միավորմանը, իրենք ուզում են որպես առանձին թատրոն հանդես գալ, չեն ուզում գնալ ու աշխատել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում։ Նրանք միավորման վերաբերյալ կառավարության որոշումը վիճարկում են դատարանում։
Օրեր առաջ նաև դիմել էին արդարադատության նախարարություն, որպեսզի մասնագիտական վերլուծություն տրվի Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի մասով։
Դերասանների ներկայացմամբ, «արդարադատության նախարարությունը փաստեց, որ 9 ամիս շարունակ ապօրինաբար դադարեցվել է «Գոյ» Թատրոնի գործունեությունը»։ Մինչդեռ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնից պնդում են՝ «Գոյ» թատրոնի հայտարարությունը չունի որևէ իրավական հիմք։
«Գոյ»-ի դերասանները նոյեմբերի 4-ին գնացել էին թատրոն՝ բանալիները վերցնելու և թատրոն մտելու համար։ Սակայն Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն Վարդան Մկրտչյանը չտվեց մուտքի բանալին։ Դրանից հետո են «Գոյ»-ի դերասանները հաղորդում էին ներկայացրել ոստիկանություն, սկսել են նստացույց։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին