«Գոյ» թատրոնը շուտով նոր ներկայացում է անելու՝ հենց դրսում. Գուրգեն Սարգսյան
«Մեզ հասցրեցին դռնեդուռ ընկնելուն։ ԿԳՄՍ նախարարությունում շատ են անգրագետները»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Գոյ թատրոնի դերասան, ռեժիսոր Գուրգեն Սարգսյանը։
Նրա խոսքով, մտավորականն այսօր գնահատված չէ, բայց միշտ էլ այդպես է եղել, ուղղակի, երևի, հիմա ավելի շատ է երևում։
«Գոյ թատրոնը դեռ կասի՝ ով է մտավորականը։ Կարծում եմ՝ մեզնով շատ մարդիկ կհասկանան՝ ով է մտավորականը։ Մենք արվեստագետներ են, դրա համար ենք այսօր այստեղ, պայքարում ենք մեր արվեստի համար»,- ասաց Գ.Սարգսյանը։
Թեև հունվարի վերջից «Գոյ»-ի դերասաններն իրեն բեմում չեն խաղացել, բայց այդ ընթացքում հյուրախաղաներ են ունեցել։
«Այնպես չէ, որ պարապ նստած ենք։ Շուտով նոր ներկայացում ենք անելու հենց դրսում։ Վստահ եմ՝ մեր հանդիսատեսը գալու է, որովհետև մեր հանդիսատեսը մեզ նման անդավաճան է»,- ասաց Գուրգեն Սարգսյանը։
Այսօր «Գոյ» թատրոնի անձնակազմը ՄԻՊ գրասենյակի դիմաց բողոքի ակցիա իրականացրեց։ Դեռևս փետրվարին դիմում էին ներկայացրել ՄԻՊ-ին, սակայն մինչ այս պահը չունեին որևէ պատասխան, ուստի գնացել էին ՄԻՊ՝ հասկանալու, ինչո՞ւ են լուռ։
Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ «Գոյ» թատրոնը միավորվել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին, սակայն «Գոյ» թատրոնի դերասանական ու ստեղծագործական կազմը դեմ է այդ միավորմանը, իրենք ուզում են որպես առանձին թատրոն հանդես գալ, չեն ուզում գնալ ու աշխատել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում։ Նրանք միավորման վերաբերյալ կառավարության որոշումը վիճարկում են դատարանում։
Օրեր առաջ նաև դիմել էին արդարադատության նախարարություն, որպեսզի մասնագիտական վերլուծություն տրվի Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի մասով։
Դերասանների ներկայացմամբ, «արդարադատության նախարարությունը փաստեց, որ 9 ամիս շարունակ ապօրինաբար դադարեցվել է «Գոյ» Թատրոնի գործունեությունը»։ Մինչդեռ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնից պնդում են՝ «Գոյ» թատրոնի հայտարարությունը չունի որևէ իրավական հիմք։
«Գոյ»-ի դերասանները նոյեմբերի 4-ին գնացել էին թատրոն՝ բանալիները վերցնելու և թատրոն մտելու համար։ Սակայն Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն Վարդան Մկրտչյանը չտվեց մուտքի բանալին։ Դրանից հետո են «Գոյ»-ի դերասանները հաղորդում էին ներկայացրել ոստիկանություն, սկսել են նստացույց։