ԵԽ խոշտանգումների կոմիտեն պահանջում է փակել «Նուբարաշեն» ու «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ-ները
Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման հանձնաժողովը Հայաստանի վերաբերյալ հրապարակված զեկույցում կոչ է անում Հայաստանի իշխանություններին խստացնել իրենց ջանքերը բանտարկյալների ոչ ֆորմալ հիերարխիայի դեմ պայքարի և բոլոր բանտարկյալների համար պատշաճ կենցաղային պայմանների և առողջության ապահովման համար:
Panorama.am-ին կոմիտեից հայտնեցին, որ բանտային պայմանները վաթարացել են 2019 թ. Հայաստան այցելությունից ի վեր։ Առավել վատ կենցաղային պայմաններ են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում, ողջ հաստատությունը գտնվում է շատ վատ վիճակում, առկա պայմանները հարիր չեն առողջապահական հաստատությանը։
Կոմիտեն իր զեկույցում կոչ է արել Հայաստանի իշխանություններին հնարավորինս շուտ փակել այն։
Կոմիտեի փորձագետները որպես զարգացում նշել են Աբովյանի բանտի շարունակական վերանորոգումը, սակայն ընդգծել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պայմանները հիմնականում շարունակում են մնալ շատ վատ, իսկ Արմավիրի և Արթիկի քրեակատարողական հիմնարկներում՝ լավագույն դեպքում կարելի է գնահատել միջակ:
«Որպես առաջնահերթություն՝ իշխանությունները պետք է անցնեն Նուբարաշեն բանտի ծրագրված փակմանը, Արթիկի բանտի ամբողջական վերանորոգմանը և միևնույն ժամանակ ամենաքայքայված խցերից բանտարկյալներին վերաբաշխելուն»,-նշել են զեկույցի հեղինակները։
Ինչ վերաբերում է բանտերում տիրող իրավիճակին, ապա ԵԽ պատվիրակությունը այցելած քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների կողմից ֆիզիկական վատ վերաբերմունքի վերաբերյալ որևէ հայտարարություն չի ստացել: Ոչ ֆորմալ բանտարկյալների հիերարխիայի իշխանությունը, ըստ երևույթին, նվազել է, սակայն բանտարկյալների միջև բռնությունը դեռևս լիովին չի վերացվել հատկապես Նուբարաշեն և Արթիկ քրեակատարողական հիմնարկներում։
Հիշեցնենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 2-ից 12-ը իրականացրած նախորդ այցի արդյունքում Հանձնաժողովը եզրակացրել էր, որ բանտարկյալների նկատմամբ բռնությունները, ահաբեկումները և շորթումները դեռևս ակտուալ խնդիր են բանտերի մեծ մասում, և դա ակնհայտորեն կապված է բանտարկյալների ոչ ֆորմալ հիերարխիայի կայուն ազդեցության հետ: Հանձնաժողովը կոչ էր արել Հայաստանի իշխանություններին ակտիվացնել իրենց ջանքերը՝ ընդդեմ բանտարկյալների բռնության և ահաբեկումների:
Ի պատասխան կոմիտեի այս տարվա զեկույցի, Հայաստանի իշխանությունները տեղեկացրել են քրեակատարողական հիմնարկներում հանցավոր ենթամշակույթին հակազդելու իրենց ջանքերի, արդեն իսկ կատարված քայլերի, բանտերի վերանորոգման երկարաժամկետ ծրագրերի ու այլնի մասին։
Հարակից հրապարակումներ`
- «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնից
- 28-ամյա կալանավորը ստեղծել և ղեկավարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում
- Կալանավորը սպանել է մեկ այլ կալանավորի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան