
Լավրովը ներկայացրել է ՌԴ տեսլականը, ՀՀ տեսլականը տրամագծորեն տարբերվում է․ Միրզոյան
ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել էր, որ պետք չէ շտապել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու հարցում: ԱԺ-ում արձագանքելով Լավրովի հայտարարությանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշեց, որ այդ հայտարարությունը բխում է ՌԴ շահերից։
«Ամեն երկրի արտաքին գործերի նախարար մեկնաբանություն է անում՝ ելնելով իր երկրի տեսլականից, շահերից և իր պատկերացումներից: Ըստ ամենայնի, իմ ռուսաստանցի գործընկերը ներկայացրել է Ռուսաստանի Դաշնության տեսլականը։ Ես կարող եմ ներկայացնել ՀՀ տեսլականը, որը այս դեպքում տրամագծորեն տարբերվում է ձեր նշած տեսլականից, մենք շահագրգռված ենք Ադրբեջանի հետ շուտափույթ և համակողմանի խաղաղութան կնքմամբ՝ բոլոր ուղղություններով՝ դա կլինի հարաբերությունների կարգավորում, դա կլինի սահմանազատում, դա կլինի երկաթուղու և մյուս ենթակառուցվածքների ապաշրջափակում մեզ հայտնի սկզբունքներով , դա կլինի խաղաղության պայմանագիր։ Մենք աշխատում ենք ադրբեջանական կողմի հետ չհամաձայնեցված վերջին երկու հոդվածների վրա և իմ տպավորությունը գոնե այն է, որ մենք մոտ ենք լուծմանը, պայմանագրի վերջնական համաձայնեցմանը»,- ասաց նա: