Մենք Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարց չենք բարձրացնում. Փաշինյան
«Ադրբեջանի պնդումները, թե Հայաստանի Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանից, հիմնվում է այն փաստի վրա, թե Հայաստանի Սահմանադրության նախաբանում կա ընդհանրական հղում Անկախության հռչակագրին, որտեղ իր հերթին հիշատակվում է Լեռնային Ղարաբաղի մասին»,- ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա հիշեցրեց, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 26-ին կայացրած որոշման մեջ արձանագրել է, որ Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին հղումը վերաբերում է հռչակագրի բացառապես այն դրույթներին, որոնք իրենց բառացի ամրագրումն են ունեցել Սահմանադրության հոդվածներում:
«Հայաստանի Սահմանադրության տեքստում որևէ դրույթ Լեռնային Ղարաբաղի մասին ոչ ուղղակի, ոչ անուղղակի չի պարունակվում։
Պետք է հիշել նաև, որ Անկախության հռչակագրի և Սահմանադրության միջև գոյություն ունի, ըստ ընդունող սուբյեկտների, հստակ աստիճանակարգային տարբերություն։ Այսինքն, եթե Անկախության հռչակագիրը ընդունվել է հայկական ԽՍՀ-ի Գերագույն խորհրդի՝ որպես ԽՍՀՄ կազմում գտնվող 15 միութենական հանրապետություններից մեկի պետական մարմնի կողմից, ապա Սահմանադրությունն ընդունվել է Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված անկախ պետության ինքնիշխան ժողովրդի կողմից։ Սա՝ առաջին փաստարկը։
Երկրորդը․ Ադրբեջանի Սահմանադրության նախաբանը հղում է պարունակում 1991 թվականի հոկտեմբերի 18-ին ընդունված սահմանադրական ակտին, որն իր հերթին հղում է անում 1918 թվականի մայիսի 28-ին ընդունված Ադրբեջանի առաջին Հանրապետության անկախության հռչակագրին:
Ադրբեջանի առաջին Հանրապետության հռչակագիրն իր հերթին արձանագրում է, որ Ադրբեջանի առաջին հանրապետությունը ներառում է Արևելյան և Հարավային Անդրկովկասը: 1919 թվականի նոյեմբերին Ադրբեջանի Հանրապետությունը Անտանտին է ներկայացրել իր վարչատարածքային քարտեզը, համաձայն որի Ադրբեջանի կազմում ընդգրկված են Հայաստանի Սյունիքի և Վայոց ձորի մարզերն ամբողջությամբ, ինչպես նաև Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերի տարածքները մասամբ: Եթե ընդհանուր առմամբ վերցնենք, Հայաստանի այսօրվա տարածքի շուրջ 60%-ը։
Այս հղումներով ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ ընդդեմ Հայաստանի Հանրապետության։
Հայաստանը, սակայն, Ադրբեջանի սահմանադրությունը փոխելու հարց չի բարձրացնում երկու պատճառով. նախ նման պահանջը փակուղի կմտցնի Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը, երկրորդը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասում կա հոդված, որն արձանագրում է՝ կողերը չեն կարող հղում անել իրենց ներքին օրենսդրությանը՝ արդարացնելու համար սույն պայմանագրի իրագործման ձախողումը»,- նշեց Փաշինյանը։
Ըստ նրա, ՀՀ օրենսդրության համաձայն՝ խաղաղության պայմանագիրը ստորագրվելուց հետո պետք է վավերացվի խորհրդարանում: Սա պարտադիր պայման է: Դրանից առաջ կառավարությունը պարտավոր է պայմանագիրն ուղարկել Սահմանադրական դատարան՝ դրա համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը ստուգելու համար։
«Եթե Սահմանադրական դատարանը որոշի, ինչը սեպտեմբերի 26-ի որոշումից հետո, իհարկե, քիչ հավանական է, բայց ամեն դեպքում, որոշի՝ խաղաղության պայմանագրի տեքստը չի համապատասխանում Սահմանադրությանը, Հայաստանը կարող է նախաձեռնել սահմանադրական փոփոխություններ։
Մենք ընտրություն պետք է ունենանք. ստորագրել ենք խաղաղության պայմանագիր, Սահմանադրական դատարանը եթե ասի՝ չի համապատասխանում, էդ արդեն քաղաքական ընտրության հարց է։ Եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ խաղաղության պայմանագրի տեքստը համապատասխանում է Հայաստանի Սահմանադրությանը, այն կանցնի վավերացման գործընթաց երկրի Ազգային ժողովի կողմից։
Սրանից էլ բխում է հետևյալը. Հայաստանի գործող սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը։
Այսպիսով, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը խորհրդարանում վավերացվելուց հետո կստանա գերակա իրավաբանական ուժ ՀՀ օրենքների և այլ նորմատիվ իրավաբանական ակտերի նկատմամբ, ինչը տրամաբանորեն հայելային վերաբերում է նաև Ադրբեջանին։ Սա է պատճառը, որ մենք Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարց չենք բարձրացնում և նույն տրամաբանությամբ կարծում ենք, որ ՀՀ սահմանադրության փոփոխության կարիք, այս համատեքստում, չկա»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան