«Ժողովուրդ». Ինչու են Փաշինյանի թիկնապահ Գրիգոր Մանուկյանին կանչել դատարան
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Նիկոլ Փաշինյանի թիկնապահ Գրիգոր Մանուկյանին դատարանը ծանուցում է ուղարկել, որպեսզի վերջինս ներկայանա` ցուցմունք տալու։ Իսկ ինչ քրեական գործով են նրան դատարան կանչում։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանի վրա խնձոր նետելու քրեական գործը Երևան քաղաքի դատարանում է, և այն քննելու է դատավոր Արման Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսի 23-ի երեկոյան Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց 2/2 հասցե էր գնացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իր հորաքրոջն ու դստերը տեսակցության: Հանդիպումը ավարտելուց հետո, երբ շենքից դուրս էր եկել, դիմացի շենքի 9-րդ հարկից քաղաքացին խնձոր էր նետել Փաշինյանի ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանն ու վերջինիս պահակախումբը ենթադրել էին, որ իրենց ուղղությամբ նռնակ է նետվել, և անմիջապես պառկել էին գետնին։ Իրավապահները օրեր շարունակ Ռուբինյանց 2/2 շենքում խուզարկություններ էին անում, փնտրում այդ տեսակի խնձոր մարդկանց բնակարաններում:
Ի վերջո, խնձորը նետելու կասկածանքով, ձերբակալվեց 71-ամյա արցախցի Ալբերտ Առստամյանը։ Դեպքից հետո փաստաբան Ռոման Երիցյանը հայտարարեց, որ Ալբերտ Առստամյանի ընտանիքի անդամներին (2 աղջկան և թոռնուհուն) նույն օրը, իրենց կամքին հակառակ, տեղափոխել էին ոստիկանության Զեյթունի բաժին և պահել մինչև առավոտյան 07։00-ն։ Ալբերտ պապիկի բնակության վայրը մանկահասակ երեխաների ներկայությամբ ենթարկվել էր խուզարկության՝ խնձոր գտնելու նպատակով։
Արդյունքում, Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու հիմքով, Ալբերտ Առստամյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կատարելու համար. նրա նկատմամբ ընտրվել է «բացակայելու արգելք» խափանման միջոցը։ ՀՀ քննչական կոմիտեն որոշում է կայացրել գործով նախաքննության ավարտ հայտարարել ու գործը ուղարկել է դատարան»։ Եվ ահա, գործով վկաներից մեկը Փաշինյանի թիկնապահ Գրիգոր Մանուկյանն է, որին էլ կանչել են դատարան»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին