ԱԺ-ում այսօր շարունակվել է օտար տեղերից ներարկված «իրական և պատմական» հայրենիք կեղծ թեզի շուրջ ՔՊ-ական բարբաջանքները. Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է.
«Ազգային Ժողովում այսօր շարունակվել է ապազգային ելույթների ու օտար տեղերից ներարկված «իրական և պատմական» հայրենիք կեղծ թեզի շուրջ ՔՊ-ական բարբաջանքները: Դրանց չեմ անդրադառնա, որովհետև այն ևս մեկ անգամ գալիս է ապացուցելու ընդդիմության համոզմունքը, որ ՀՀ գործող կառավարիչները հետևողականորեն քայքայում են հայկական պետականության բոլոր իրական ձեռքբերումները, անվտանգության երաշխիքներն ու արժեքային հենասյուները:
Վաղուց ակնհայտ է, որ “իրական և պատմական” հայրենիք կեղծ թեզի շուրջ ճամարտակող երիտասարդներին սորոսական և այլ գրանտային-ապազգային գաղափարներով "զինելը" համահունչ է այն պարտություններին ու ողբերգությանը, որն ապրել է հայ ժողովուրդը: 2018թ-ից այդ քաղաքական դաստիարակությունն օգտագործվեց Հայաստանի ազգային շահերի դեմ՝ գերագույն նպատակ հռչակելով ասֆալտա-տոնածառային շահը և կուշտ փորով անհայրենիք ապրելը: Հենց այդ թեզին էլ մատաղ արեցին ամբողջ Արցախը, 5000-ից ավելի երիտասարդ կյանքեր, մի ամբողջ սերնդի հերոսական պատմությունը և այլ կարևոր արժեքներ:
Մի բան փաստ է. աշխարհը քայլ առ քայլ վերադառնում է դեպի ազգային շահեր, դեպի պահպանողականություն, դեպի ազգերի ինքնության և ինքնիշխանության առաջնահերթություն, դեպի ազգային և համամարդկային դիմագծերը պահելու քաղաքականություն, դեպի արժանապատվություն, հեղինակություն, ինչպես նաև ազգային էլիտաներ ստեղծելու անհրաժեշտություն: Նեոլիբերալիզմը, դրա ծնած արժեքային ճգնաժամն ու Աստծո ստեղծած Մարդու տեսակի ձևախեղումներն աստիճանաբար պարտություն են կրում:
Ի տարբերություն կենդանական աշխարհի՝ մարդը պետք է ունենա իր սեփական ազգային պատկանելությանը տեր կանգնելու կարողություն: Մարդը պետք է ունենա հայրենիք, պետք է ունենա ինքնություն, իրեն բնորոշ մշակույթ, իր հոգևոր ներաշխարհը, իր պատմական հիշողությունը, իր ազգային հերոսներին, իր ազգային առանձնահատկությունները՝ առանց այն գերադասելով մյուս ազգերին:
Աշխարհը կրկին փորձում է վերադառնալ իր բնական վիճակին: Այդպիսին է Ռուսաստանի քաղաքականությունը, այդպիսին է Չինաստանը, Հնդկաստանը, Իսրայելը, Իրանը, Ճապոնիան, Լեհաստանը, Հունգարիան, Իտալիան, Սլովակիան, Սերբիան և շատ այլ երկրներ: Այդպիսին է Վրաստանն ու վրաց ժողովրդի՝ իմ կարծիքով ճիշտ ընտրությունը: Այդպիսի քաղաքական զարգացումներ են տեղի ունենում Գերմանիայում, Ավստիրայում և այլ երկրներում:
ԱՄՆ նախագահական և այլ պետական ինստիտուտներում ընտրությունները ևս ցույց են տալիս նեոլիբերալիզմի նահանջը և պահպանողականության աճող պահանջարկը: Այն հույսեր է ներշնչում, որ հնարավորություն կստեղծվի դադարեցնել աշխարհում ստեղծված քաոսն ու քաղաքականությունը կրկին կարող է վերադառնալ պայմանավորվածությունների ու շահերի նկատմամբ փոխադարձ հարգանքի դաշտ: Բայց դա պահանջելու է շատ ժամանակ, ահռելի ջանքեր և քաղաքական հետևողականություն: Դոնալդ Թրամփի Ամերիկան իմ կարծիքով կարող է ընդգծված դրական ազդեցություն ունենալ նաև Հայաստանի ազգային շահերի, դրանց շուրջ միջազգային քաղաքական ու բարոյական աջակցության հարցերում:
Հայաստանի պետական կառույցներն անելիքներ շատ ունեն, և նախ պետք է փոխել Հայաստանում հաստատված անսկզբունք և անհայրենիք կառավարիչների իշխանությունը: Հայաստանը պետք է վերականգնի իր ինքնուրույնությունն ու վստահությունը իր գլխավոր դաշնակից Ռուսաստանի ու մյուս բարեկամ երկրների մոտ: Պետք է վերադառնալ ազգային շահերի օրակարգ և պատմության աղբանոցը նետել վերջին տարիների քաղաքական ցինիզմի, համազգային պառակտումների ու օտար լիբերալիստական կամ թուրքամետ կարտելաների սպասարկման օրակարգերը:
Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը, աշխարհագրությունը, ազգային-հոգևոր արժեքները, նախկին ձեռքբերումներն ու ներկա իրավունքները հնարավորություն են տալիս համաշխարհային նոր փոփոխությունների ֆոնի վրա, տարածաշրջանում ստանալ գործառույթ և կրկին դառնալ կարևոր գործոն՝ այնպես ինչպես Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին էր: Այդ կերպ է միայն հնարավոր վերականգնել երաշխավորված անվտանգությունը, երկարատև խաղաղությունը, կայուն զարգացումն ու ազգային արժանապատվությունը:
Կյանքը ցույց տվեց, որ քաղաքականության մեջ նախկին-ներկա հասկացություններ չկան: Քանի դեռ կա քաղաքական ուժը, քանի դեռ պայքարում է իր գաղափարների ու ազգային ծրագրերի համար՝ այն և՛ ներկա է, և՛ ապագա: Հայաստանում Աստծո կամոք և ի հեճուկս իշխանությունների ու նրանց մանկլավիկների՝ ազգային-պահպանողական ուժերը կան: Վստահ եմ, որ նրանք ապագայում էլ ավելի մեծ ազդեցություն են ունենալու Հայաստանի Հանրապետության կարողությունների վերակագնման և դեպի Արցախ հայության վերադարձը համաշխարհային օրակարգ բերելու գործում:
Հարակից հրապարակումներ`
- Եկել եմ սարսափելի եզրակացության, որ Անկախության հռչակագրի բովանդակությունը նրա մասին է, որ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ.Նիկոլ Փաշինյան
- Մեր բանակի սրբագործման մոտեցումը Երրորդ հանրապետության ընթացքում մեծագույն սխալն էր. Նիկոլ Փաշինյան
- Քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր՝ Հովիկ Աղազարյա՛ն, դու ջանդ յուղի. Արթուր Խաչատրյան
- Սիրելի քաղաքացիներ, շնորհավորում եմ, դուք ունեք աշխարհում ամենաթանկ վարձատրվող մշակույթի գործիչը՝ դաշնակահար նախագահը. Քրիստինե Վարդանյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին