Մինչև 2020-ի պատերազմն Արցախում ապրում էր 150 հազար հայ, այսօր՝ 13, ահա թե ինչ պետք է իմանալ Ադրբեջանի մասին. Ստեփանյան
«COP 29-ը Արցախի բռնազավթումից և էթնիկ զտում իրականացնելուց հետո Ադրբեջանում կազմակերպելն ամենավառ ապացույցն է այն ամենի, որ գործ ունենք ոչ միայն պատժելիության բացակայության, այլ հանցագործին խրախուսելու պրակտիկայի հետ միջազգային հարթակում»,-Երևանում ընթացող «Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանության վրա» խորագրով համաժողովին ասաց Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Խոսելով Արցախի 9 ամիս շրջափակման մասին, նա ասաց, որ այն 2020 թվականի պատերազմից հետո համակարգված և հետևողականորեն իրակացավող էթնիկ զտման քաղաքականության հերթական գործիքն էր։
«Զարմանում եմ, թե ինչպես մարդ արարածը կարող էր անցնել այդ ամենի միջոցով և ինչպես կարող էր միջազգային հանրությունն ուղղակի ոչինչ չասող հայտարարություններով արձագանքել այդ ամենին՝ առանց որևէ կոնկրետ գործողության։
Աշխարհի աչքի առաջ 120 հազար անձ, այդ թվում 30 հազար երեխաներ, ամենօրյա ռեժիմով ենթարկվում էին նման տառապանքների։ Արձանագրվել է սովամահության դեպք, թերսնուցման դեպքեր։ Ամենախոցելի խումբը՝ հիվանդություն, հաշմանդամություն ունեցող անձինք դեղորայքի պակաս ունեին, իսկ աշխարհից ստանում էինք ոչինչ չասող հայտարարություններ»,- 9 ամսվա դժվարությունների մասին հակիրճ պատմեց Գեղամ Ստեփանյանը։
Նա ցավում է, որ Ադրբեջանի գործողությունները մնացել են անպատժելի, նույնիսկ խրախուսվել։
«COP-29-ն Ադրբեջանում անցկացնելը երկերեսանիության և կեղծավորության ամենավառ ապացույցն է և շատ դժվար է այս ամենից հետո խոսելու առհասարակ մարդու իրավունքների և արժեքների մաիսն»,- ընդգծեց նա։
Գ. Ստեփանյանի խոսքով, միջազգային ոչ պատշաճ արձագանքը, Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների չկիրառումը հանգեցրեց նրան, որ Ադրբեջանն ուղղակի 2023 թվականի սեպտեմբերին հերթական ագրեսիան նախաձեռնեց Արցախի ժողովրդի նկատմամբ, ինչն էլ հանգեցրեց Արցախում հայ բնակչության էթնիկ զտմանը։
«Մինչև 2020 թվականը Արցախում ապրում էր 150 հազար հայ, այսօր 13 հայ։ Ահա այն պատկերը, որը պետք է ունենալ Ադրբեջանի մասին կարծիք կազմելու, առհասարակ աշխարհում մարդու իրավունքների օրակարագի մասին»,- ասաց Արցախի ՄԻՊ-ը։
Հարակից հրապարակումներ`
- Գրետա Թունբերգը՝ «Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանության վրա» համաժողովին
- Իրավաբան. Առնվազն յոթ կին ադրբեջանցիների կողմից ենթարկվել են խոշտանգման, այդ թվում գլխատումների
- Հայաստանը շատ խոցելի է կլիմայի փոփոխության ազդեցությունների հանդեպ. Իրինա Ղափլանյան
- ՈՒՂԻՂ. Մեկնարկեց «Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանության վրա» թեմայով համաժողովը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան