Հայաստանում շաքարային դիաբետով շուրջ 114 հազար պացիենտ կա
Այսօր Շաքարային դիաբետի համաշպարհային օրն է։
Աշխարհում 11 անձից մեկն ապրում է շաքարային դիաբետով։ Որպես կանոն, շաքարային դիաբետի տիպ 2-ը, տեսանելի որևէ դրսևորման բացակայության պատճառով, երկար ժամանակ մնում է չախտորոշված:
Շաքարային դիաբետի հիմնական ախտանշաններն են`
. ընդհանուր թուլություն,
. հոգնածություն,
. մեզի քանակի ավելացում կամ հաճախամիզություն,
. մշտական ծարավի և քաղցի զգացում,
. քաշի անկում կամ ավելացում,
. տեսողության վատթարացում:
ՀՀ առողջապահության նախարարության հաղորդմամբ, 2023 թվականի վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանում շաքարային դիաբետով պացիենտների թիվը կազմում է շուրջ 114000 մարդ։
Շաքարային դիաբետի վաղ հայտնաբերման և կանխարգելման նպատակով մեր երկրում իրականացվում են մի շարք միջոցառումներ`
. Պետական աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում 35-ից 68 տարեկան բոլոր քաղաքացիներն առաջնային օղակում անվճար հետազոտվելու հնարավորություն ունեն:
. Շաքարային դիաբետի դեղերը շահառուներին հատկացվում են անվճար:
. Մինչև 18 տարեկան շաքարային դիաբետով երեխաների արտահիվանդանոցային, հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը, այդ թվում նաև` դիսպանսեր հսկողությունը, հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են պետական պատվերի շրջանակներում:
«Հաղթահարենք դիաբետը միասին» ծրագրի շրջանակներում, հանրապետությունում հաշվառված մինչև 22 տարեկանը ներառյալ դիաբետով պացիենտներին անվճար տրամադրվում են ինսուլին և ինսուլինային ներարկիչները` ըստ պահանջարկի, նաև արյան մեջ գլուկոզայի քանակը չափող սարքերի թեստ-երիզներ:
Մշակվել և հաստատվել են «2-րդ տիպի շաքարային դիաբետով պացիենտների ախտորոշման և վարման կլինիկական ուղեցույցը, ինչպես նաև շաքարային դիաբետով պացիենտների վարման գործելակարգերը, որոնք նախատեսված են առողջության առաջնային պահպանման օղակի բժիշկների, ներզատաբանների, սրտաբանների համար:
Շաքարային դիաբետի կանխարգելման և վաղ հայտնաբերման նպատակով մասնագետները հորդորում են`
. վարել առողջ ապրելակերպ,
. հետևել առողջ սննդակարգին,
. պայքարել ռիսկի հիմնական վարքագծային գործոնների դեմ:
Հիվանդության առաջին իսկ ախտանշանների դեպքում դիմել բժշկի և հիշել, որ 2-րդ տիպի շաքարային դիաբետը հնարավոր է կանխարգելել և վերահսկել։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում