Հայաստանում ինձ համեմատում են Մխիթարյանի հետ. Գոռ Մանվելյան
«Նոայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գոռ Մանվելյանը ծավալուն հարցազրույց է տվել հեղինակավոր So Foot պարբերականին։ Այս մասին գրում է Արմսպորտը՝ նշելով, որ հարցազրույցում ֆուտբոլիստն անդրադարձել է նաև Հայաստան տեղափոխությանն ու հայաստանյան կյանքին:
«Ես Արցախից եմ: Մենք ապրում էինք մայրաքաղաք Ստեփանակերտում։ Հայրս աշխատում էր զինվորական համակարգում։ Ծնողներս պատերազմի պատճառով լքեցին հայրենիքը՝ մեզ հետ միասին։ Ես 5 տարեկան էի, երբ հեռացանք։ Այսօր էլ շատ մարդիկ են հեռացել Արցախից, պատերազմը երկար է տևում, շատ դժվար է։ Ծնողներիս համար կարևորը մեզ ավելի լավ կյանք ապահովելն էր։ Ֆրանսիայում նրանք տարբեր աշխատանքներ էին կատարում։ Հայրս ու եղբայրս այժմ ավտոմեխանիկ են։
Իրականում ես նոր եմ բացահայտել Հայաստանը՝ հենց տեղափոխությանս արդյունքում անցած տարվա սկզբին։ Չէի եղել այստեղ Ֆրանսիա տեղափոխվելուց հետո, որևէ հիշողություն չունեի։ Չեմ զղջում այս ընտրության համար, առավել ևս, որ լեզուն գիտեմ, ինչը հեշտացրեց իմ ադապտացիան։ Ապրում եմ Երևանում՝ մայրաքաղաքում, և անկեղծ ասած, սպասածից շատ ավելի ժամանակակից քաղաք է։ Ինձ համար նույնիսկ մեծ տարբերություն չկա «Նանտի» ֆուտբոլային առօրյայից. խաղում ենք 4 օրը մեկ, շատ քիչ ժամանակ է մնում հանգստանալու, լավ հայկական ուտեստներ վայելելու համար: Այստեղ շատ լավ եմ զգում ինձ։ Հույս ունեմ լավ արդյունքներ ցույց տալ այստեղ, որպեսզի նորից վերադառնամ Եվրոպա»,- պատմել է Մանվելյանը:
Անդրադառնալով «Նանտից» հեռանալուն՝ Մանվելյանը նշել է, որ որոշումը հեշտ չի տրվել, սակայն մեծ հեռանկարներ չի տեսել. ««Նանտում» խաղաժամանակ քիչ էի ստանում։ Հասկացա, որ ինձ անհրաժեշտ է այնպիսի տեղ, որտեղ ավելի շատ կխաղամ։ Իհարկե, պատրաստ չէի ցանկացած տեղ գնալ: «Նոայի» նախագիծն ու մարզական ծրագիրը հետաքրքրեցին ինձ: Նոր հիմնադրված ակումբ է՝ մեծ նպատակներով։ Ցանկանում ենք դառնալ տարածաշրջանի ուժեղագույն ակումբներից մեկը և պարբերաբար խաղալ Եվրոպայում, այնպես, ինչպես «Աստանան» կամ «Քարաբաղը»։
Մանվելյանին նաև հարցրել են՝ արդյոք համարո՞ւմ է, որ իր կարիերան Վրաստանի հավաքականի և ֆրանսիական «Լիոնի» հարձակվող Ժորժ Միկուտաձեի կարիերայի հետ նմանություն ունի. «Դեմ չէի լինի նման կարիերա ունենալ: Հայաստանում ինձ ավելի շուտ համեմատում են Հենրիխ Մխիթարյանի հետ: Նա իսկական աստղ է այստեղ, ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն»։
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին