«Էրեբունի» արգելոց-թանգարանը դեռ տնօրեն չունի, հայտնի էլ չէ՝ երբ կունենա
Ուրարտագետ Միքայել Բադալյանն «Էրեբունի» արգելոց-թանգարանի տնօրենի պաշտոնից ազատվել է մայիսի 13-ից։ Լրացել էր նրա պաշտոնավարման ժամկետը: Դրանից հետո մինչև հոկտեմբերի թանգարանի տնօրենի պաշտոնակատարի պարտականություններն իրականացրել է նույն արգելոց-թանգարանի փոխտնօրեն Վահե Սարգսյան։ Իսկ քանի որ հոկտեմբերից սկսած թանգարանը չունի ոչ տնօրեն, ոչ տնօրենի պաշտոնակատար, թանգարանի աշխատակիցները չեն ստացել հոկտեմբեր ամսվա աշխատավարձը։
Panorama.am-ը Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք արդեն հայտարարվել է տնօրենի ընտրության համար մրցույթ և ինչպես պետք է լուծվի աշխատողների աշխատավարձի խնդիրը։
Նա ասաց, որ նոյեմբերի 12-ից թանգարանի աշխատակիցներից մեկը նշանակվել է ժամանակավոր պաշտոնակատար, որպեսզի թանգարանի բնականոն գործընթացը շարունակվի, աշխատակիցները ստանան աշխատավարձ։
«Իսկ ինչ վերաբերում է տնօրենի ընտրության համար նոր մրցույթին, այս պահին հստակ ժամկետ չկա՝ մեկ ամսից, երկու ամսից, թե տասը օրից տեղի կունենա մրցույթը։ Բայց ամեն դեպքում թանգարանի բնականոն աշխատանքը կշարունավի, աշխատակիցները կստանան աշխատավարձ մինչև նոր մրցույթի անցկացումը»,- ասաց Հ.Կոստանյանը։