Այդ անասունների անցումները տեղի են ունեցել մինչև փշալարեր տեղադրելու պահը. Աբազյանը՝ Կիրանցում անասունների սահմանահատման մասին
«Սահմանազատումից հետո՝ մինչև սահմանի վերջնական կահավորում, փշալարերի անցկացում, նման մի քանի դեպք ենք ունեցել, և բոլոր դեպքերում խոշոր եղջերավոր անասունները հետ են վերադարձվել»,-կառավարության նիստում հայտնեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը՝ պատասխանելով Նիկոլ Փաշինյանի հարցին, թե արդյոք ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ճիշտ է հայտարարել, որ Կիրանցում կովերն անցել են սահմանը։
Փաշինյանը հետաքրքրեց, թե ինչպես կարող էր դա լինել:
ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն պատասխանեց. «Կահավորման աշխատանքներն ընթացքի մեջ են, վերջնական չենք ավարտել, իսկ այդ անասունների անցումները տեղի են ունեցել մինչև փշալարեր տեղադրելու պահը: Դրանից հետո որևէ դեպք չենք ունեցել»:
Փաշինյանն էլ հայտարարեց, թե չսահմանազատված հատվածներում տեսականորեն կարող է նման բան լինել և նախկինում էլ տեղի է ունեցել, նույնիսկ եղել է, որ կենդանիներն անցել, ականների վրա պայթել են:
«Բայց սահմանազատված հատվածներում, որտեղ կահավորված է, դա ուղղակի բացառվում է, չի կարող այդպիսի բան լինել: Այնպես որ, մեր այն հարգելի գյուղացիները, որոնք որոշել են հեռադիտակների վրա փող ծախսել, կարծում եմ՝ այս պարագայում դա անելն այդքան էլ իմաստ չունի»,-հայտարարեց Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը համայնքների իրականացրած 6 ծրագրի համար տրամադրեց 248 մլն դրամ համաֆինանսավորում
- Ոնց որ քյասիբի ռադիո լինեմ, ո՞նց կարա պետության մեջ որևէ մեկը թպրտա. Նիկոլ Փաշինյան
- Մեծ միջադեպ, ծեծկռտուք չի եղել, հրմշտոց է եղել, ես վիդեոներն եմ տեսել. Գնել Սանոսյանը՝ ՋԷԿ-ի միջադեպի մասին