Չորության դեմ պայքարելու համար ընտրեք ՑԻԿԱ բառը պարունակող քսուքներ. Մաշկաբանի խորհուրդները
Մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանը ձմռանն ընդառաջ մաշկի խնամքի հետ կապված մի քանի խորհուրդներ է տվել.
«Հիմա տեսեք, դեռ ձմեռ չէ, բայց արդեն ցուրտ է, հատկապես առավոտյան, երբ գնում ենք աշխատանքի, դպրոց կամ մանկապարտեզ: Շատ մարդկանց, հատկապես երեխաների մոտ, ձեռքերի մաշկը սկսում է չորանալ, ճաքճքել, իսկ երբեմն անգամ արյունահոսել։ Ոչ մի վտանգավոր բան չկա, պարզապես պետք է իմանալ մի քանի կանոն, որոնք կօգնեն ձեր մաշկին դիմակայել ցածր ջերմաստիճանին։
1. Լվացվելուց հետո մնացեք սենյակային պայմաններում 15-20 րոպե և նոր դուրս եկեք տանից։ Նույնիսկ լավ չորացնելու դեպքում, մաշկի մակերեսային շերտերում որոշակի քանակությամբ հեղուկ է մնում, որն «օգնում է» ցածր ջերմաստիճանին վնասել ձեր մաշկը։
2. Կրեք բազմաշերտ կտորե ձեռնոցներ, որոնք կլինեն «շնչող», ոչ շատ հաստ և ոչ շատ բարակ, որպեսզի լավ պաշտպանեն։
3. Եթե կիրառում եք խոնավացնող քսուքներ առավոտյան (դեմքին կամ ձեռքերին), ապա կիրառելուց հետո ևս 15-20 րոպե մնացեք սենյակային պայմաններում։ Քսուքներում պարունակվող ջուրը, մնալով մաշկի վրա, կարող է նպաստել ցրտահարությանը։
4. Նույնը վերաբերում է շպարին և արևապաշտպան քսուքներին։ Շպարի միջոցներից շատերը խոնավացնող հիմք ունեն, որոնք նույնպես կարող են վնասել ցուրտ պայմաններում։
5. Չորության դեմ պայքարելու համար ընտրեք ՑԻԿԱ բառն պարունակող քսուքներ։ Սրանք նպաստում են մաշկի վերականգնմանը, ճնշում են բորբոքումը և չունեն հակացուցումներ։
6. Ամեն դեպքում ճիշտ կլինի խորհրդակցել ձեր մաշկաբանի հետ։
Եղեք առողջ և գեղեցիկ»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան