ԱՆԻՖ-ի գործով որևէ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցված չէ. Դատախազություն
ԱՆԻՖ-ում գույքի հափշտակության քրեական վարույթի շրջանակում են հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել մի շարք քննչական գործողություններ։ Ի պատասխան Panorama.am-ի գրավոր հարցման հայտնեցին Գլխավոր դատախազությունից։
Երևանի ավագանու՝ հոկտեմբերի 15-ին նիստում «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը, անդրադառնալով ԱՆԻՖ-ի վերաբերյալ քրեական վարույթին, մասնավորապես հայտարարեց. «10 մլրդ դրամ մսխվել է ԱՆԻՖ-ի գծով, կա քրեական գործ, մեղադրյալ չկա»։
Panorama.am-ը գրավոր հարցում ուղարկեց Գլխավոր դատախազություն՝ հետաքրքրվելով, թե հիշյալ քրեական վարույթի շրջանակում ի՞նչ գործողություններ են իրականացվել, կա՞ն կարգավիճակ ունեցող անձինք։ Եթե ոչ, ապա ինչո՞ւ։ Միանգամից նշենք, որ վերջին հարցն անպատասխան է մնացել։
«ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների կողմից «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲ ընկերությունում իրականացված ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել մի շարք քննչական գործողություններ: Նշված քրեական վարույթով ներկա պահին որևէ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցված չէ, նախաքննությունը շարունակվում է»,-հայտնել են դատախազությունից։
Քրեական օրենսգրքի 256 հոդվածը վերաբերում է Վստահված գույքը հափշտակելուն, հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետը սահմանում է. «Վստահված գույքը հափշտակելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով»։
Քրեական օրենսգրքի 277 հոդվածը վերաբերում է Մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն։ Նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը սահմանում է. Հայաստանի Հանրապետության կամ այլ պետության առևտրային կամ այլ կազմակերպության աշխատողի, արբիտրի, աուդիտորի, պահառուի, կառավարչի կամ նոտարի կողմից օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս այդ կազմակերպության շահերի օգտագործելը կամ իր ծառայողական պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, կամ այնպիսի արարք կատարելը, որը չի բխում իր լիազորություններից կամ դուրս է իր լիազորությունների շրջանակից, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս, պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից քառասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով»։
Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 27-ի նիստում գործադիրը չզեկուցվող հարցերից մեկով որոշում է կայացրել 1,7 միլիարդ դրամ տրամադրել ԱՆԻՖ-ի պարտավորությունների մարման և 2024-ի պահպանման ծախսերի համար։
ԱՆԻՖ-ը կառավարությունը որոշմամբ ստեղծվել է 2019-ի ապրիլին: Ընկերության՝ ՀՀ սեփականություն հանդիսացող բոլոր 100 տոկոս բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահված էր ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը։ ԱՆԻՖ-ի 2019-2023 թթ. տնօրենների խորհրդի նախագահը եղել է Տիգրան Ավինյանը։
Հարակից հրապարակումներ`
- ԱՆԻՖ-ի հետ կապված այդ գործողությունները մեզ համար են անընդունելի. Բաբկեն Թունյան
- Անիֆ-ի նման ֆոնդեր մեզ պետք չեն. Գևորգ Պապոյան
- ԱՆԻՖ-ում չարաշահումների գործով դեռ մեղադրյալ չկա
- Այո, ԱՆԻՖ-ում կան ձախողումներ. Փաշինյան
- Կառավարությունը լուծարում ԱՆԻՖ-ը՝ պետական բյուջեից ընկերությանը տված 1.7 մլրդ դրամի միջոցներով
- ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց
- Արմեն Վարդանյան. Ավինյանը պետք է պատասխան տա, ԱՆԻՖ-ում գերբարձր աշխատավարձեր են եղել, վատնման հիմքով քրեական գործեր պետք է լինեն
- ՔՊ-ականը նախարարից հետաքրքրվեց «ԱՆԻՖ»-ին և «Ֆլայ Արնա»-ին հատկացված միլիարդներից
- ԱՆԻՖ-ում ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերած չարաշահումներով քրեական վարույթ է նախաձեռնվել