Մեր երաժշտական սերունդը կրթվում է ոչ հայեցի. Երաժշտագետ
Երաժշտագետ, խմբավար, մանկավարժ Գրիգոր Հարությունյանը խնդրանքով դիմել է երաժշտագետներին՝ այլևս վերջ տալ քարացած, սովետմիությունից ավանդ մնացած ուսումնական ձեռնարկներով և մեթոդաբանությամբ կրթել երաժիշտ սաներին։
«Միայն չասեք, որ չկան համապատասխան դասագրքեր, կան, այն էլ ի՜նչ դասագրքեր, ինչպես օրինակ Ռոբերտ Աթայան - «Սոլֆեջո», Էդուարդ Փաշինյան - «Հարմոնիա», Էդուարդ Փաշինյան - «Պոլիֆոնիա»: Այս դասագրքերը կառուցված են մեր ազգային լադա-ինտոնացիոն առանձնահատկությունների հիման վրա։ Ի վերջո առկա են Նովալիս Դերոյանի «Երկերը», Քրիստափոր Քուշնարյանի «Հայ մոնոդիկ երաժշտության պատմության և տեսության հարցերը», որոնցից մի ամբողջ Հայաստան կարող եք պեղել։ Էլ չեմ ասում Նիկողոս Թահմիզյանի աշխատությունների մասին, որոնք հայ հոգևոր երաժշտության պատմության և տեսության մի ամբողջ գանձարան են։ Գոնե այսքանից զատ միջին և բարձրագույն երաժշտական ուսումնական հաստատություններում դասավանդվող միակ «Հայ ժողովրդական երաժշտական ստեղծագործություն» առարկան մղեք առաջնային պլան` չդարձնելով դրա դասավանդումը մակերեսային, որի դասագիրքը ժամանակին փայլուն կերպով կազմել է Մարգարիտ Բրուտյանը։ Ի դեպ, վերջինս հրատարակվել է 3 անգամ»,- գրել է նա։
Ըստ երաժշտագետի, անհրաժեշտ է ազգային հենքով երաժշտական կրթություն, այլևս օրհասական է ազգային երաժշտական մտածողությամբ սերունդների դաստիարակությունը։
«Մի կողմ դրեք Սպոսոբինները, Նիկոլայեվները, Կալմիկով-Ֆրիդկինները և այլն։ Դրանք մեզ այս շրջանում հարկավոր չեն։
Սրտի խորը կսկիծով եմ տեսնում սերունդների հետզհետե ապազգայնացումն ու հեռացումը ազգային հայկական երաժշտամտածողությունից»,- նշել է երաժշտագետը։
Panorama.am-ը մի քանի հարցով դիմեց երաժշտագետ Գրիգոր Հարությունյանին, մասնավորապես, եթե կան հայ հեղինակների գրքեր, ինչո՞ւ են շարունակում դասավանդումը խորհրդային շրջանում ստեղծված դասագրքերով, արդյո՞ք նախատեսում է այս խնդիրը բարձրաձայնել կրթության քաղաքականությունը մշակող պետական մարմիններում։
Գ. Հարությունյան-Այն ուսուցիչների, որոնց հետ ես առնչվում են, գիտակցության մեջ դեռևս նստած է այդ դասավանդման պրոցեսը։ Թե՞ մեծամասամբ տեղեկություն չունեն, որ կան նման դասագրքեր, թե՞ ծրագրի առումով ավելի դյուրին է այն, ինչ արդեն կա։ Կա հայկական լադաինտոնացիոն մտածողություն, իսկ նրանք դասավանդում են արևմտաեվրոպական երաժշտական հիմունքներով, այսինքն մաժոր-մինոր համակարգով, որն ուսանողներին ուղղակի ոչինչ չի տալիս։
Խնդրի հետ առնչվում ենք ամեն ժամ։ Քոլեջում ես զգացի այս խնդիրը, երբ ուսանողներին, որպես երգչախմբի խմբավար, հրամցրի կոմիտասյան, Եկմալյանի խմբերգային, հոգևոր ընդհանուր մշակումներ։ Նրանց անծանոթ էին, խորթ էին այդ մշակումները։
Դրա համար «Սոլֆեջո», «Հարմոնիա», «Պոլիֆոնիա» դասընթացները պետք է այն հեղինակների դասագրքերով կազմակերպել, որոնք ուսանողների մոտ ազգային լադաինտոնացիոն մտածողություն կզարգացնեն։
Panorama.am-Ամբողջ ծրագի՞րը պետք է փոխվի։
Գ.Հարությունյան-Չեմ կարող ասել ամբողջ ծրագիրը փոխել, նաև պետք է արևմտաեվրոպական երաժշտությանն ուշադրություն դարձնել, սակայն հենց հիմա անհրաժեշտություն կա և օրհասական է ուսանողների մեջ ձևավորել լադաինտոնացիոն՝ ազգային հիմքով մտածողություն, հատկապես հոգևոր երաժշտության առումով, այն եղել է մեր պրոֆեսիոնալ ազգային երաժշտությունը։
Panorama.am-Պատրաստվո՞ւմ եք ձեր մտահոգությունները բարձրաձյանել կրթության քաղաքականություն մշակող մարմինների մոտ, առաջարկներ ներկայացնել։
Գ.Հարությունյան- Հնարավորություն դեպքում կբարձրաձայնեմ, քանի որ, ինչպես ասացի, օրհասական խնդիր է։ Մեր երաժշտակական սերունդը կրթվում է ոչ հայեցի։ Սա փաստ է, գործից հասկացողները կարող են փաստել այս խնդիրը։ Առաջին իսկ շփման դեպքում կբարձրաձայնեմ։
Panorama.am-Իսկ ավելի երիտասարդ դասատուները, դասախոսները նույնպես այդ դասագրքերով են դասավանդում։
Գ.Հարությունյան-Սա ինստիտուցիոնալ խնդիր է, փոխանցվում է ավագ սերնդից կրտսեր սերնդին։ Չգիտեմ՝ յուրաքանչյուր դասախոս ինչպես է վարում, բայց, ուսանողների ընդհանուր որակը տեսնելով, կարող եմ փաստել, որ այդքան էլ լավ վիճակում չենք՝ ի դժբախտություն մեզ, ի հակասումն ազգայինի։
Կոնսերվատորիայում մենք շատ մակերեսային անցնում ենք «Հայ ժողովրդական երաժշտական ստեղծագործություն» առարկա, հոգևոր երաժշտություն անցնում ենք մեկ տարի։ Բավականին քիչ է։ Ես ինքնուրույն խորացա հոգևոր երաժշտության ուղղության մեջ, բացահայտեցի, բայց պետք է շեշտը դնել հոգևոր, ազգային երաժշտության համակարգի, կառուցվածքի, ընդհանուր դրույթների վրա, որպեսզի դաստիարակենք սերունդ, որը կլինի ազգաճանաչ։
Մենք սարքել են արհեստական ուսուցման համակարգ, շարժվում ենք դրանով, աշակերտին, ուսանողին, անկախ իրենցից, ընդգրկում ենք այդ փուլի մեջ՝ անտեղյակ մնալով ազգային մշակույթից։ Այդ բացը զգում եմ, ինչը մեծ ցավ է ինձ համար։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան