Հայ գործընկերների հետ առաջիկայում կքննարկի փոխշահավետ ծրագրերի իրականացման հնարավորությունները․ Կլաուդիա Բուշ
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին: Այս մասին հայտնում են Կառավարությունից։
«Փաշինյանը շնորհավորել է դեսպանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու առիթով և հույս հայտնել, որ առաջիկա տարիներին Հայաստան-Գերմանիա բազմաոլորտ համագործակցությունը կշարունակի զարգանալ ու ամրապնդվել:
Նիկոլ Փաշինյանը գոհունակությամբ նշել է, որ երկու երկրներն ունեն քաղաքական ակտիվ երկխոսություն: Երկրի ղեկավարը կարևորել է տնտեսության, ներդրումների, ենթակառուցվածքների, զբոսաշրջության և այլ ուղղություններով համատեղ ծրագրերի իրականացումը, գերմանական նոր ընկերությունների ներգրավումը հայկական շուկա:
Կլաուդիա Բուշը նշել է, որ պաշտոնավարման ընթացքում կներդնի բոլոր ջանքերը՝ ի նպաստ երկկողմ փոխգործակցության ընդլայնման: Դեսպանն ընդգծել է, որ Գերմանիայի Կառավարությունը կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների շարունակական խորացումը, ուստի հայ գործընկերների հետ առաջիկայում կքննարկի փոխշահավետ ծրագրերի իրականացման հնարավորությունները:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցությանը, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների վերջին զարգացումներին, սահմանազատման գործընթացին և այլ հարցերի»,- ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան