«Հրապարակ». Բանակի նոր համազգեստը լավագույն դեպքում կլինի 2026-ին, 2025-ի փոխարեն
«Հրապարակ» թերթը գրում է.
«Դեռևս 2023-ից պաշտոնական մակարդակով հայտարարվում էր, որ զինծառայողները նոր համազգեստ կունենան։ Նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարում էր, որ բանակը 2024-ին նոր համազգեստ կունենա, սակայն մինչ օրս ոչինչ չի արվել: Պապիկյանն ԱԺ պաշտպանության հանձնաժողովի հոկտեմբերի 31-ի նիստում հայտարարել է, որ Անվտանգության խորհուրդը երեկ հավանության է արժանացրել բանակի հագուստի պայմանագրի կնքման առաջարկը, և առաջիկայում այն կկնքվի։ «Մենք պետք է ունենանք դաշտային համազգեստ, տարբեր զորատեսակների համար նախատեսված համազգեստ, ինչպես նաև պետք է ունենանք տոնական և գրասենյակային համազգեստ»,- ասել է նա՝ ընդգծելով, որ 2025-ին կունենանք նոր համազգեստ։
Մինչդեռ, մեր տեղեկություններով, բյուջեի նախագծի՝ պաշտպանության ոլորտի գաղտնի քննարկումների ժամանակ մի քանի շաբաթ առաջ հարցը քննարկելիս եկել են եզրահանգման, որ նոր համազգեստը լավագույն դեպքում կլինի 2026-ին, քանի որ տեղական արտադրողները հանձն չեն առել այդ ծավալի հագուստ կարել, և տենդերներին ոչ ոք չի մասնակցել: Արդյունքում, մեր տեղեկություններով, ամերիկյան կազմակերպությունն է շահել մրցույթը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան