Կամերայի դիրքերի վերաբերյալ ոչ մի հետազոտություն չեմ արել․ վրաերթից մահացած հղի Սոնա Մնացականյանի գործով հարցաքննվող
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում այսօր շարունակվում է Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված և մահացած հղի Սոնա Մնացականյանի գործով դատաքննությունը։ Նիստի ընթացքում հարցաքննվողից՝ փորձաքննությունների ազգային բյուրոյի տեսաձայնագրային փորձատեխնիկական և դիմանկարային փորձաքննությունների բաժնի պետ Վաղարշակ Քոչարյանից, տուժող կողմը հետաքրքրվեց,թե մեկ օրվա ընթացքում տվել է եզրակացություն, ինչո՞ւմն է կայանում այս հապճեպ լուծումը, որևէ ճնշում գործադրվե՞լ է։ Ի պատասխան, հարցաքննվողն ասաց․ «Որևէ ճնշում չի եղել, երկար աշխատելու արդյունքում տրվել է եզրակացությունը»։
Նա նշեց, որ տարբեր դիրքորերով տեսախցիկները ֆիքսել են և ամբողջական պատկերով տեսանյութ կա։
«Կամերայի դիրքերի վերաբերյալ ոչ մի հետազոտություն չեմ արել»,- ասաց Քոչարյանը
Դատավորը հետաքրքրվեց, թե սխալմունքներ հետազոտության մեջ առկա լինո՞ւմ է, թե՝ ոչ։
«Խոսքը վերաբերում է արագությանը։Կամերայի դիրքը կապ չունի, եթե մեքենան գտնվում է այդտեղ, ուրեմն դրա մոտակայքում ֆիքսված չափորոշիչին հնարավորինս մոտ տարածքում է գտնվում։ Չնչին շեղումներ կարող են լինել, բայց էական ազդեցություն չի կարող ունենալ հաշվարկների վրա»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն, որի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: Նշված ավտոշարասյունն ուղեկցելիս է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, իսկ մահացած կինը հղի է եղել։