Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնությանը չեն մասնակցի Հայաստանի լավագույն ըմբիշները
Աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թևանյանը, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Արման Անդրեասյանը, Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Մ23 աշխարհի փոխչեմպիոն Մանվել Խնձրցյանը, Մ23 աշխարհի փոխչեմպիոն Գևորգ Թադևոսյանը և երիտասարդների Եվրոպայի չեմպիոն Կնյազ Իբոյանը ֆեյսբուքում անդրադարձել են Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նոյեմբերի 20-22-ը անցկացվելիք ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնությանը իրենց չմասնակցելու փաստին։
«Ցանկացած իրավիճակում երկրի շահերը գերադասելի են՝ սա թիմի անունից ասում եմ որպես հայ զինվոր և մարզիկ: Նոյեմբերի 20-24-ը Երևանում անցկացվելու է բանակայինների աշխարհի առաջնությունը, որին չեն մասնակցելու թիմի լավագույն արդյունքները գրանցած և իրենց քաշային կարգերում առաջատար մարզիկները: Խնդրի որոշման պատճառները անհայտ են, չի տրվել որևէ հստակ բացատրություն: Նման վերաբերմունքը բացասաբար ազդեցություն ունի ոչ միայն թիմի, այլև բանակի, սպորտի և ամբողջ երկրի վարկանիշի վրա:
Հարգելի լրագրողներ, ցավոք այս պահին չենք կարող պատասխանել ձեր հարցերին, քանի որ մեզ ևս չեն տրամադրել որևէ հստակ բացատրություն կամ տեղեկություններ այս իրավիճակի վերաբերյալ»,- գրել է Արման Անդրեասյանը:
«Հարգելի հայրենակիցներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ. խոսում ենք ոչ միայն որպես հայ, այլ նաև զինվորներ և մարզիկներ, որոնց համար սպորտը ոչ միայն մրցակցություն է, այլև մեր երկրի վարկանիշը միջազգային ասպարեզում ներկայացնելու միջոց:
Նոյեմբերի 20-24-ը Երևանում անցկացվելու է բանակայինների աշխարհի առաջնությունը: Ցավոք, մեր թիմը չի մասնակցի ուժեղագույն կազմով: Այս որոշման պատճառները մեզ համար նույնպես անորոշ են, քանի որ որևէ հստակ մեկնաբանություն և բացատրություն չի տրվել: Նման իրավիճակները բացասաբար են ազդում ոչ միայն մեր թիմի վրա, այլև բանակի, սպորտի և մեր երկրի ընդհանուր հեղինակությանը: Ավելին՝ դրանք կասկածի տակ են դնում մեր պատրաստակամությունը՝ աջակցելու և բարձրացնելու հայրենիքի հանդեպ հավատը բոլոր հարթություններում:
Այս պահին չենք կարող պատասխանել լրացուցիչ հարցերին, քանի որ չունենք լրացուցիչ տեղեկություններ»,- գրել է Վազգեն Թևանյանը:
«Մենք նախ և առաջ Հայաստանի Հանրապետության քաղաքացի ենք, հետո Հայաստանի ըմբշամարտի թիմի անդամ և այս տարվա օգոստոսի 19-ից նաև ԶՈՒ-ի անդամ: Մեր ամբողջական թիմը համալրված պատրաստ է եղել երկրի պատիվը բարձր պահել: Ցավոք, դեռևս անհայտ պատճառներով ԲԿՄԱ-ի մեր թիմը չի մասնակցելու մոտ օրերս Երևանում կայանալիք բանակայինների աշխարհի առաջնությանը: Նման անհարգալից մոտեցումը ազդում է և բանակի, և սպորտի, և առհասարակ հայի հեղինակության վրա»,- գրել է Մանվել Խնձրցյանը:
«Հարգելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետությունում կայանալիք աշխարհի առաջնությանը մեր թիմը պատրաստվում է ներկայանալ ոչ լիարժեք կազմով, որի պատճառը չգիտենք ոչ մեկս: Մեր թիմը պատրաստ է եղել երկրի պատիվը բարձր պահել ու պատրաստ է, բայց այդ հարցում մեզ աջակցության փոխարեն անորոշություն են մատուցում»,- գրել է Կնյազ Իբոյանը:
«Սիրելի հայ ազգ, մենք որպես ՀՀ քաղաքացի և որպես մարզիկ Հայաստանում կայանալիք բանակայինների աշխարհի առաջնությանը ինչ-ինչ պատճառներով չենք մասնակցելու: Մեր թիմը պատրաստվում է ներկայանալ ոչ ամբողջական և հիմնական կազմով, ինչի պատճառները մեզ անհայտ են մնում և առանց բացատրությունների: Օգոստոսի 19-ից Զինված Ուժերի ԲԿՄԱ-ի մաս կազմող մարզիկներս պատրաստ ենք եղել հայերնիքի պատիվը միշտ բարձր պահել միջազգային ասպարեզոմ և օրեր անց մեր իսկ հայրենիքում»,- գրել է Գևորգ Թադևոսյանը: