ՌԴ-ն հետախուզում է հայտարարել Վրաստանի ՊՆ նախկին նախարարի նկատմամբ
Վրաստանի պաշտպանության նախկին նախարար, «Ֆորմուլա» հեռուստաալիքի հիմնադիր Դավիթ Կեզերաշվիլին արձագանքել է նոյեմբերի 17-ին սոցցանցում տարածված լուրերին, թե Ռուսաստանում հեռակա ազատազրկման է դատապարտվել և միջազգային հետախուզում է հայտարարված։
Կեզերաշվիլին գրել է՝ տեղյակ չէ «գործի մասին», և նրա համար նշանակություն չունի, թե «հերթական անգամ ինչ է հորինվել իրեն հետապնդելու ու վարկաբեկելու համար»։ Նրա խոսքով, բոլոր նման փորձերն ապարդյուն են. «ազատ աշխարհն անպայման հաղթելու է»:
«Ես շատ լավ հասկանում եմ, որ Ռուսաստանի քրեական հեղինակությունների ու նրանց վստահված անձանց թշնամին եմ, այդպես էլ կմնամ ապագայում։ Վրաստանի ռուսական կառավարությունը 12 տարի փորձում է վարկաբեկել և չեզոքացնել ինձ։ Նրանք մի շարք գործեր են հարուցել Վրաստանում, զրպարտչական արշավներ են իրականացրել երկրի ներսում և դրսում։ Այժմ, կարծես թե, օգնության է կանչել նաև «ավագ եղբորը»: Հատկանշական է, որ Ռուսաստանի այս վերջին գործողությունը կասկածելիորեն համընկնում է «Վրացական երազանքի» հայտնի հայտարարության հետ՝ 2008 թվականի պատերազմի հետաքննության մեկնարկի մասին»,- «Ալիք մեդիայի» փոխանցմամբ՝ գրել է Կեզերաշվիլին։
Նոյեմբերի 17-ին Ռուսաստանի Կենտրոնական պետական լրատվական գործակալությունը՝ ՏԱՍՍ-ը, հայտնել է, որ Կեզարաշվիլիի նկատմամբ Ռուսաստանում միջազգային հետախուզում է հայտարարվել, որտեղ վերջինս մեղադրվում է խոշոր չափերի խարդախության մեջ։ Նրան հեռակա կարգով ձերբակալել է Մոսկվայի դատարանը։
Նշվում է՝ Կեզերաշվիլին մուտք է գործել ՌԴ ՆԳՆ հետախուզման բազա. միջազգային հետախուզման մեջ է ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեղադրանքով, որը ներառում է խարդախություն «հատկապես՝ մեծ մասշտաբով»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան