Կարծեք՝ Սոնա Մնացականյանն է եղել վարչապետի ավտոշարասյան մեջ և ոչ թե ՝ վարորդը․ փաստաբանը՝ դատական նիստի մասին
«Փորձագետը հստակ նշեց, որ տեսագրությունն արագությունը պարզելու համար բավարար ելակետային տվյալներ չէր պարունակում։ Տվյալ տեսագրության մեջ չկար այն ելակետերը, որոնցով հնարավոր էր ղեկավարվել և որոշել ավտոմեքենայի արագությունը։ Ուստի, ինքը հինգ տեսագրություններն ուսումնասիրելիս վերցրել է այն տեսագրությունը, որով հնարավոր էր ավտոմեքենայի արագություն որոշել։ Այսինքն՝ հնարավոր էր գտնել այն անշարժ ելակետերը, որով էլ հանարվոր էր ավտոմեքենայի արագությունը որոշել։ Այս անշարժ ելակետը հանդիսացել է ճանապարհային նշանը, մինչդեռ Բալոյանի նշած տեսագրության մեջ այդ սլաքը երևում է մասնակի։ Հետևաբար փորձագետը պարզաբանեց, որ նման պայմաններում ինքը չէր կարող հստակ պատկեր ստանալ»,- Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված և մահացած հղի Սոնա Մնացականյանի գործով դատաքննությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում այսօր շարունակվում է Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված և մահացած հղի Սոնա Մնացականյանի գործով դատաքննությունը։ Նիստին հարցաքննվեց փորձաքննությունների ազգային բյուրոյի տեսաձայնագրային փորձատեխնիկական և դիմանկարային փորձաքննությունների բաժնի պետ Վաղարշակ Քոչարյանը։
Փաստաբանի խոսքով՝ փորձագետի կողմից որևէ դիտավորություն չկա։
«Աբսուրդ է, երբ փորձագետին մեղադրում են որևէ դիտավորության մեջ։ Կարծեք՝ Սոնա Մնացականյանն է եղել վարչապետի ավտոշարասյան մեջ և ոչ թե ՝ վարորդը։ Փորձագետն օրվա իշխանությանը դեմ չէր գնա, հակառակը՝ մենք կարող էին պնդել, որ կեղծել եք՝ հանուն իշխանության»,- ասաց Ասլանյանը։
Փաստաբանը պնդեց, որ դեպքի պատճառը՝ գերազանցված արագությունն է եղել։