Իշխանությունը տապալեց գործընթացը, և այն օրակարգը, որը կարող էր դառնալ մեծ պրոցեսի մի մաս, տեղի չունեցավ. Աբրահամյան
«Հաշվի առնելով, որ Բաքվում COP29 համաժողով էր և, բնականաբար, արտաքին լսարանին ուղղելու հստակ մեսիջներ կային, ողջ գործընթացը, հայտարարության տեքստը, իմ՝ որպես հիմնական զեկուցողի ելույթը հիմնված էր իրավաքաղաքական հիմնական գնահատականների վրա»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագծին, որը նախորդ շաբաթ ներկայացվել էր ԱԺ, սակայն ՔՊ-ականները չէին մասնակցել քվեարկությանը։
Նա նշեց, որ կարևոր էր խորհրդարանի կողմից հայտարարության տարածումը, բայց իշխող քաղաքական ուժը, ինչպես մնացած շատ նախաձեռնությունների դեպքում, վիժեցրեց գործընթացը, չքվեարկությամբ տապալեց գործընթացը, հնարավորություն չտվեց խորհրդարանին նաև հայտարարության ձևով դիմել միջազգային ատյաններին։
«Այդ հայտարարության տեքստը որևէ ներքաղաքական էլեմենտ չէր պարունակում, սակայն գործընթացն իշխանությունը տապալեց և այն օրակարգը, որը սահմանվել էր ու կարող էր դառնալ մեծ պրոցեսի մի մաս, տեղի չունեցավ»,- ասաց պատգամավորը։
Նա անդրադարձավ նաև անցած շաբաթ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթի՝ զինված ուժերի հետ կապված, բանակը «չսրբագործելու» վերաբերյալ հայտարարությանը. «Զինված ուժերը, որպես պետական համակարգի կարևոր ինստիտուտ, բավականին ծանր գնով է մեզ տրվել։ Զինված ուժերում իրենց լուման, առաքելությունը ներդրել են մեծ թվով կամավորներ, զինծառայողներ, սպաներ, որոնց առաքելությունը պետք է ճշգրիտ գնահատել։ Մեր զինծառայողների ծառայությունն առանց պատշաճ գնահատելու, դեռ չեմ խոսում հարվածներ հասցնելու պարագայում, ոչ կարող ենք պետությունն առաջ շարժել, ոչ էլ կարող ենք Զինված ուժերում էական փոփոխությունների հասնել»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան