Փուչիկներ, գրկախառնություններ, ծափահարություններ ու բացականչություններ. «Մանկական Եվրատեսիլ 2024»-ի հաղթող Անդրիա Փուտկարաձեն վերադարձել է Վրաստան
Թբիլիսիի միջազգային օդանավակայանում Անդրիա Փուտկարաձեին դիմավորել են ընտանիքի անդամները, ընկերները, երկրպագուները և «Ռանինա» երաժշտական նախագծի մասնակիցները։
Ռեկորդային բարձր միավորներով հաղթած մասնակցին օդանավակայանում դիմավորել են փուչիկներով, ծափահարություններով, բացականչություններով։
«Ես շատ ուրախ եմ։ Շատ ուրախ եմ, որ հերթական անգամ հաղթանակ բերեցի Վրաստանին։ Երբ ես այնտեղ էի, ինձ թվում էր, թե իսկապես երազում էի: Ես շատ ուրախ էի, շատ լավ է, որ օդանավակայանում ինձ դիմավորեցին ընկերներս»,- վրացական ԶԼՄ-ների փոխանցմամբ, ասել է Անդրիա Փուտկարաձեն։
Հաղթող երգի հեղինակ Գիգա Կուխիանիձեի խոսքով, ինքը ակնկալում էր հաղթել այս տարվա Եվրատեսիլում։
Եվրատեսիլում վրացական պատվիրակության ղեկավար Նաթիա Մշվենիերաձեի խոսքով, Հանրային հեռարձակման ստեղծագործական թիմը շատ մեծ ջանքեր է գործադրել Եվրատեսիլում նման արդյունքի հասնելու համար։
Անդրիա Փուտկարաձեն Վրաստանին չորրորդ հաղթանակը բերեց «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում 239 միավորով։ Այս արդյունքով Վրաստանը մրցույթի ռեկորդակիրն է։
Անդրիա Պուտկարաձեն ժյուրիի կողմից ստացել է 180 միավոր, իսկ առցանց քվեարկությունից՝ 59 միավոր։ Վրաստանի ներկայացուցիչը վաստակել է 12 միավոր 12 երկրներից, այդ թվում նաև Հայաստանից։
Անդրիա Փուտկարաձեն հանդիսատեսին է ներկայացրել To My Mom երգը, որի հեղինակն է Գիգա Կուխիանիձեն։ Նրա հետ տեքստի վրա աշխատել է Մակա Դավիթայան։ Տեսահոլովակը նկարահանվել է հանրային հեռարձակողի կողմից, իսկ զգեստների հեղինակը Իզա Նադարեիշվիլին է։
Մանկական Եվրատեսիլ 2024-ն անցկացվել է Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում, որին մասնակցել է 17 երկիր։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան