«Ժողովուրդ». Ուժայինների մասով Անդրանիկ Քոչարյան ու Հովիկ Աղազարյան տանդեմը հաղթեց. մնում է սպասել զարգացումներին
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանի սափրվելուց հետո ներքաղաքական կյանքում ամենաքննարկվող թեման նախօրեից սկսված գիշերային պաշտոնանկություններն են: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ ուժային կառույցների ղեկավարներին հեռացնելու պլանները վաղուց էին գծված՝ երբ Նիկոլ Փաշինյանը համաձայնություն տվեց, որ նրանք պարտադիր մասնակցեն Անդրանիկ Քոչարյանի կողմից կազմակերպված լսումներին, ինչը խայտառակություն դարձավ ուժային բոլոր կառույցների համար:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նոյեմբերի 12-ին, երբ ՔՊ վարչության նիստին մասնակցում էր նաև Անդրանիկ Քոչարյանը, ով պետք է պատասխան տար իր արած՝ գործարարի «դեղ ցրողներ» արտահայտության համար, որը վերաբերում էր Հրաչյա Հակոբյանին և Սիսակ Գաբրիելյանին, օգտվելով առիթից՝ Նիկոլ Փաշինյանին ուժային կառույցներից փաստարկված դժգոհություն է հայտնել՝ ասելով, որ ոչ մի ուժային կառույց իր տեղում չէ: Եվ զարմանալի զուգադիպությամբ նրա կողմից բերված փաստարկներից շատերը նոյեմբերի 15-ի կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը օգտագործել է:
«Ովքեր նախկինում իրենց արտոնյալ էին զգում, շարունակում են… ինչ ուզեցիք՝ տվեցի, արդյունք չկա… ես արդեն խորհրդակցություն չեմ անելու, ես որոշումներ եմ կայացնելու»:
Այս նիստից հետո ուժային կառույցների ղեկավարները շտապել են գործողություններ իրականացնել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված հսկողություն է սահմանել մայրաքաղաքում, քննչական մարմինների ղեկավարներն իրենց ենթականերից բացատրություններ են պահանջել, թե Փաշինյանին հետաքրքրող գործերում ինչու առաջընթաց չկա, ինչ խոչընդոտներ կան, որպեսզի պատրաստվեն Փաշինյանին զեկուցել իրավիճակի մասին: Քանի որ որևէ ակնարկ անգամ չեն ստացել, որ պետք է հեռանան կարճ ժամանակում, կարծել են, թե Փաշինյանը վերջնաժամկետ է տվել իրենց՝ սխալները շտկելու և բացթողումները լրացնելու համար:
Եվ ահա, կիրակի օրը անակնկալ կերպով, Ենոքավանից անցնելով Դիլիջանով, հետո մասնակցելով հարսանիքի, Փաշինյանը կտրուկ զայրացել է, և ուժայինների մի շարք ղեկավարներ կեսգիշերին մոտ զանգ են ստացել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանից, ով փոխանցել է վարչապետի պահանջը. ներկայացնել հրաժարականի դիմում և հեռանալ՝ չմոռանալով շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար:
«Վոթսափ»-ով կամ այլ կերպ ՍՄՍ հաղորդագրություն չեն ստացել, ոչ էլ ուղիղ Փաշինյանից են հրահանգ ստացել՝ թողնելու պաշտոնները, ինչպես վարչապետը երեկ հայտարարեց: Ողջ գործընթացը կազմակերպվել է Արայիկ Հարությունյանի միջոցով: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթը իր աղբյուրներից պարզեց, որ 2021 թվականի ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը փոխել է իր հեռախոսահամարը և կառավարության անդամների հետ սկսել է շփվել բացառապես ուղիղ կապով՝ սենյակից. խիստ անհրաժեշտության դեպքում էլեկտրոնային նամակ է գրել, կամ հազվադեպ՝ ֆեյսբուքյան messenger-ով է կապվել:
Ուժայինների մասով Անդրանիկ Քոչարյան ու Հովիկ Աղազարյան տանդեմը հաղթեց. մնում է սպասել զարգացումներին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը