Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը. ՊՆ մեկնաբանությունը
Նոյեմբերի 20-24-ը Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվի զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունը, որին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանի 24 երկրի պատվիրակություն (ավելի քան 400 անձ): Հայաստանի թիմերում չեն ընդգրկվել ուժեղագույն մարզիկները, որոնք ժամկետային ծառայության մեջ են՝ Մալխաս Ամոյանը, Վազգեն Թևանյանը, Արսեն Հարությունյանը, Արման Անդրեասյանը, Վիգեն Նազարյանը, Գևորգ Թադևոսյանը, Մանվել Խնձրցյանը, Կնյազ Իբոյանը։
Նախօրեին մարզիկներ բարձրաձայնել են իրենց՝ զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը չմասնակցելու մասին՝ նշելով, որ չգիտեն պատճառը։
Այսօր առաջնությանը նվիրված ասուլիսում լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն ընդգրկվել թիմում։ ՀՀ ՊՆ զինված ուժերի ֆիզիկական պատրաստության և սպորտի ծառայության պետ, գնդապետ Արման Դավթյանն ասաց. «Հայաստանը, որպես հյուրընկալող երկիր, առաջնորդվել է ռազմական սպորտի միջազգային խորհրդի կանոնադրության բոլոր կետերի խստիվ պահպանմամբ, որի արդյունքում ընտրվել է այն հավաքական թիմը, որը ներկայացնելու է Հայաստանի Զինված ուժերը։
Այլ մարզիկների մրցաշարին ներգրավելու պարագայում հնարավոր կլինեին բազմաթիվ շահարկումներ։
Հայաստանի Զինված ուժերի հավաքական թիմում, որը ներկայացվելու է այս առաջնությանը, ընդգրկված են հիմնականում մարզական վաշտի ժամկետային զինծառայողները, նրանք նույնպես բարձր վարպետություն ունեցող մարզիկներ են, քանի որ մարզական վաշտ զորակոչվելու համար անհարժեշտ են համապատասխան մարզական տվյալներ։ Ակնկալում եմ՝ մեր բոլորի աջակցությունը մեր բոլոր զինվորներին, որպեսզի կարողանան էլ ավելի լավ հանդես գալ, ձեռք բերեն մեդալներ»։
Հարցին՝ արդյոք այդ մարզիկները մարզական վաշտի զինծառայող չե՞ն, Ա. Դավթյանն ասաց. «Նրանք լիարժեք զինծառայողներ են, մարզական վաշտի զինծառայողներ են, սակայն ռազմական սպորտի միջազգային խորհրդի կանոնադրությունը նախատեսած ունի սահմանափակումներ նաև զինծառայողների համար։ Այդ զինծառայողները եթե այսօր չեն մասնակցում աշխարհի առաջնությանը, դա չի նշանակում, որ նրանք չենք կարող մասնակցել աշխարհի հաջորդ առաջնությանը, երբ նրանց տվյալները կհամապատասխանի կանոնադրությամբ սահմանված տվյալներին»։
Գնդապետ, Ռազմական սպորտի միջազգային խորհրդի նախագահ Ռոլիմ Նիլտոնն ասաց, որ որոշ երկրներ ունեն նաև իրենց ընտրության չափորոշիչները։
«Որոշ որոշումներ կան, որոնք մեր՝ սպորտի բաժնի ղեկավարներիս ձեռքում չէ։ Հնարավոր է, օրինակ, ազգային ռազմավարություններ լինեն, որոնցով առաջնորդվել է պետք։
Բայց կարելի է իրավիճակն այլ տեսանկյունից դիտարկել. փորձեք տեսնել ինչ մարզիկներ են մասնակցում ու փորձեք նրանց սատարել»,- նշեց նա։
Իսկ թե ինչպե՞ս են ընտրվել զինվորականների աշխարհի առաջնությանը մասնակցող մարզիկները, Ա. Դավթյանն ասաց, որ հաշվի են առնվում երկու ասպեկտ՝ զինորականներին ներկայացվող պահանջները, նրանց մարզական պահանջները։
«Փորձել ենք ընտրել լավագույններին օրինականության շրջանակում։
Կա թույլատրելության և ուժեղության հարց։ Թիմի կազմը չի որոշել Ըմբշամարտի ֆեդերացիան։ Թիմի կազմն ընտրվել է կոլեկտիվ՝ պաշտպանության նախարարության մասնագետների և պաշտպանության նախարարության պատասխանտուների միջոցով»,- նշեց նա։
Հայաստանի թիմերը
Հունահռոմեական ոճ
Տիգրան Մինասյան (55 կգ), Սուրեն Աղաջանյան (60 կգ), Հրաչյա Պողոսյան (63 կգ), Գասպար Տերտերյան (67 կգ), Շանթ Խաչատրյան (72 կգ), Աշոտ Խաչատրյան (77 կգ), Սամվել Գրիգորյան (82 կգ), Կարեն Խաչատրյան (87 կգ) և Դավիթ Օվասապյան (125 կգ):
Ազատ ոճ
Արման Հարությունյան (57 կգ), Սարգիս Բեգոյան (61 կգ), Անդրանիկ Ավետիսյան (65 կգ), Արտավազդ Հարությունյան (70 կգ), Հրայր Ալիխանյան (74 կգ), Արման Ավագյան (79 կգ), Մուշեղ Մկրտչյան (92 կգ) և Հենրիկ Հայկյան (125 կգ):
«Հայաստանի Զինված ուժերի ըմբշամարտի հավաքական թիմը կազմավորվել է ոչ թե այլ երկրների հաշվարկով, այլ կազմվել է իրավական հնարավոր ուժեղագույն թիմը»,- ընդգծեց ՀՀ ՊՆ զինված ուժերի ֆիզիկական պատրաստության և սպորտի ծառայության պետ, գնդապետ Արման Դավթյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնությանը չեն մասնակցի Հայաստանի լավագույն ըմբիշները
- Կանցկացվի զինավորականների ըմբշամարտի ԱԱ-ն. ՀՀ-ի ուժեղագույն մարզիկներին դուրս են հանել մրցաշարից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան