Ձեր հիմնավորումից ստացվում է, որ մինչ այս պահը Հայաստանում անարդար հարկային համակարգ է գործել. Արծվիկ Մինասյանը՝ փոխնախարարին
«Կառավարության կողմից հարկային քաղաքականությունն ուղղված է հարկման ընդհանուր համակարգերի, այսինքը շրջանառության հարկի և միկրոձեռնարկատիրության համակարգի կիրառության շրջանակների կրճատմանը, այս քաղաքականության նպատակը հարկման հավասարության սկզբունքների և արդարության ամրապնդումն է»,-ԱԺ-ում Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու կառավարության նախաձեռնած օրինագծի վերաբերյալ հանրային քննարկման ժամանակ ասաց Ֆինանսների նախարարի տեղակալ
Արման Պողոսյանը։
Փոխնախարարին արձագանքեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ ասելով. «Ձեր բերած հիմնավորումներից տպավորություն է ստացվում, որ մասնագիտական գործունեություն իրականացնողները մինչև այս հարկային համակարգի այնպիսի մի հեղափոխական շրջանցում են իրականացրել կամ հարկեր չեն վճարել, որ հիմա եկել եք ու փորձում եք արդարություն հաստատել։
Ձեր բերած հիմնավորումից ստացվում է, որ մինչ այս պահը Հայաստանում անարդար հարկային համակարգ է գործել»։
Նշելով, որ բերված փաստարկները հակասում են տնտեսական և իրավական կանոններին Մինասյանը նկատեց, որ ՓՄՁ-ը գեներացնում են Հայստանի զբաղվածության էական հատվածը և նախագծում չկա գնահատական, թե կառավարության բերած փոփոխությունները ինչ հետևանքների կբերեն զբաղվածության ոլորտում։
«Դուք հիշատակում եք կառավարության ծրագիրը, բայց այնտեղ նման բան չկա, որ դուք շրջանառության հարկը վերացնում եք»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Արման Պողոսյանը պնդեց, որ կառավարության ծրագրում ամրագրված է, որ քաղաքականությունն ուղղված է լինելու հարկման հատուկ համակարգերի կիրառության նեղացմանը։ Իսկ Արծվիկ Մինասյանը պնդեց, որ նման ձևակերպում ծրագրում չկա։
Փոխնախարան ասաց, որ գործող հարկման համակարգն էական անարդարության տարրեր է պարունակում, քանի որ նույն գործունեության համար միկրոձեռնարկատերը չի վճարում հարկ, իսկ շրջանառության հարկի դեպքում վճարվում է որոշակի հարկ, իսկ հարկման ընդհանուր համակարգում վճարվում է դրանից 6 անգամ ավել գումար։
Փոխնախարարի խոսքով՝ իրենց գնահատականներով միկրոձեռնարակատիրությունը հարկելու դեպքում զբաղվածության վրա ազդեցությունը էական չի լինելու։
Արծվիկ Մինասյանը նկատեց, որ կառավարության ծրագրում չկա նման պնդում, թե շրջանառության հարկի չվճարման արտոնությունը պետք է հանվի ՓՄՁ-ների վրայից։
«Քանի՞ կոպեկ արժի այս քննարկումները կամ մասնագիտական հանրության կարծիքները, երբ դուք վերջում ոչ մի բան չեք ընդունում»,-հարցրեց Արծվիկ Մինասյանը և նշեց, որ նոտարական և փաստաբանական ծառայությունների մասին ժամանակին բերվել են հսկայական փաստարկներ իսկ կառավարության և ԱԺ մեծամասնության կողմից 0 հակափաստարկ է եղել, այն դեպքում, երբ բազմաթիվ փաստաբաններ իրավապաշտպան գործունեություն են իրականացնում և չպետք է գան կառավարություն հայտնեն այդ մասին, որպեսզի չհարչկվեն այդ գործունեության համար։
Հարակից հրապարակումներ`
- ՏՏ ոլորտի համար գործադիրը նախատեսում է շրջանառության հարկը 5 %-ից հասցնել 2 %-ի. Մխիթար Հայրապետյան
- Որոշումը կնպաստի շրջանառության հարկի համակարգում ստվերի կրճատմանը. Ռուստամ Բադասյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան