«Փաստ». Հեռացվել են նրանք, ովքեր ոչ թե պարզապես ծառայել են Փաշինյանին, այլև իրականացրել են նրա քմահաճույքները
«Փաստ» թերթը գրում է.
Նիկոլ Փաշինյանը բոլորից լավ գիտի, որ իր ու իր ՔՊ-ի վարկանիշը ձգտում է իր սիրելի «զրոյական կետին»: Այդ իսկ պատճառով՝ Փաշինյանը որոշել է կտրուկ փոխել իր արտաքին իմիջը (սափրվեց), իր քայլերի ու քաղաքականության հետևանքով եղած վիճակի համար «մեղավոր նշանակել» իր հրամաններին, իբր, չենթարկվող դատաիրավական բլոկի ներկայացուցիչներին և այլ իշխանավորների, վերստին «ընդդիմադիր» խաղալ: Այսինքն, յոթ տարի պետությունը կառավարելուց հետո նա այն աստիճան ասելիք չունի արդյունքների մասով, որ որոշել է «Ընդդիմադիր-վարչապետը» ֆարսի նոր բեմականացում ներկայացնել: Բայց փաստը մնում է փաստ, որ ցուցադրած կեղծ դժգոհությունը Փաշինյանը փորձում կամ հենց փաթեթավորում է իր կաբինետի բարձրաստիճան պաշտոնյաների ազատումներով: Տեղի ունեցածը գալիս է վերահաստատելու ավելի վաղ նման առիթներով մեր արած այն պնդումը, որ «հերթով, կարգով, շարքով» բոլոր նրանք, ովքեր համագործակցել են Նիկոլ Փաշինյանի հետ, անխուսափելիորեն ստանալու են իրենց «բաժինը», ընդ որում՝ առաջին հերթին՝ հենց Նիկոլ Փաշինյանից:
Ավելին, չափազանց բնութագրական է, թե ովքեր են գիշերային «սմս»-ներով ազատվել պաշտոններից: Նրանք, ովքեր ոչ թե պարզապես ծառայել կամ ծառայություններ են մատուցել Նիկոլ Փաշինյանին, ոչ թե սոսկ սպասարկել են նրա քաղաքական ու խմբակային շահերը, այլև իրականացրել են նրա քմահաճույքները՝ ոտնահարելով օրենքը, օրինականությունը, բարոյական ու մարդկային տարրական նորմերը:
Հեռացվել են այն պաշտոնյաները, որոնք անշեղորեն ու դաժանաբար իրականացրել են Նիկոլ Փաշինյանի հրամանները, մասնավորապես՝ խոշտանգումներ ու գեստապոյական բռնություններ են գործադրել ընդդիմադիր գործիչների, հակաիշխանական ցույցերի մասնակիցների դեմ, իրագործել են քաղաքական բռնություններ ու հետապնդումներ, տնտեսական հետապնդումներ, ոչ կամակատար դատավորների հալածանքներ և նրանց նկատմամբ ճնշումներ, այլևայլ ապօրինություններ, ՏԻՄ ընտրություններից հետո ժողովրդի կամքի բռնադատումներ ու, հօգուտ Փաշինյանի, իշխանազավթումներ: Ու այդ ամենի ֆոնին ավելի է ընդգծվում, որ ընդամենը «կոկորդիլոսի լաց» է Փաշինյանի սրամտությունը, թե ինքը ոնց որ «քյասիբի ռադիո» լինի, որի ասածները իրավապահ-դատական համակարգում լսում-լսում, բայց չեն կատարում: Այդ ե՞րբ չեն կատարել: Պետք է եղել՝ կարմիրբերետներով վրա են տվել խաղաղ ցուցարարների վրա, պետք է եղել՝ զոհվածների ծնողներին ու հարազատներին են «Եռաբլուրում» բզկտել, պետք է եղել՝ բեկորային նռնակներ են նետել անզեն ժողովրդի՝ կանանց, երեխաների, ծերերի վրա՝ վիրավորելով ավելի քան 100 հայ մարդու:
Պետք է եղել՝ որևէ ընդդիմադիրի դեմ գործ կարել, կարել են, ազատազրկել են: Այդ ի՞նչ ապօրինի հրաման է եղել, որ նրանք հեզորեն, անգամ՝ պատրաստակամորեն ու ջանասիրաբար չեն արել: Նրանք, ի՞նչ է, իրենց սիրելի Փաշինյանի հետ չեն ուրացե՞լ Արցախը, չեն ուրացե՞լ Անկախությունը, չեն հանձնե՞լ Հայաստանի տարածքները թշնամուն: Կամ՝ ի՞նչ է, դատական ու իրավապահ համակարգի հերը չեն անիծե՞լ: Այն էլ՝ ինչպես: Այնպես որ, պաշտոնից նման նվաստացուցիչ եղանակով ազատվելը դեռ միայն պստիկ հատուցումն է բոլոր այդ այլանդակություններն անելու դիմաց:»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում