Հայկազ Քոչարը վաճառել է այդ 7 գործերը՝ ունենալով այդ իրավունքը. Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն
«Երվանդ Քոչարի թանգարանի ֆոնդերից որևէ առակա ոչ անհետացած է, ոչ գողացված է, ոչ կորած, բոլորն իրենց ֆոնդերում են իրենց համարների տակ։ Ես շատ հպարտորեն և վստահաբար կարող եմ դա փաստել»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը։
Ինչ վերաբերում է կոնկրետ յոթ գործերի, որոնք, ըստ Երվանդ Քոչարի որդու՝ Ռուբեն Քոչարի, իր սեփականությունն են եղել, տվել է թանգարանին դեռ 1984 թվականին, որպեսզի ցուցադրվի, անհետացել են, Կարինե Քոչարն ասաց. «Դրանք ունեն իրենց պատմությունը։ Բոլորը պատկանել են եղբայրներ Ռուբեն և Հայկազ Քոչարներին հավասարապես։ Դրանք մաս են կազմել երկու ցուցակների, որոնցով երկու եղբայրներից ժամանակավորապես ի պահ են վերացվել Քոչարի այն ստեղծագործությունները, որոնք պատկանել են երկու ժառանգներին հավասարապես։ Այսինքն, իրենք երկուսն էլ իրավունք ունեին տիրապետելու այդ ստեղծագործությունները հավասար իրավունքներով։
1987 թվականին պետությունը թանգարանից ձեռք է բերել երեք ստեղծագործություն թանգարանի համալրման համար, որոնց գումարն ամբողջովին փոխանցվել է Ռուբեն Քոչարին, բոլոր ապացույցներն ունենք։
Այդ փաստը նկատի ունենալով, նաև այն, որ Ռուբեն Քոչարը 1990-ականներին Հայաստանում չէր, Հայկազ Քոչարին են վերադարձվել այդ 7 գործերը»։
Հարցին՝ յոթ ստեղծագործությունները վերադարձվել են Հայկազ Քոչարին, բայց հիմա դրանք որտե՞ղ են, Կարինե Քոչարնն ասաց. «Դրանք Հայկազ Քոչարը տնօրինել է ըստ իր իրավասության։ Հայկազ Քոչարը վաճառել է՝ ունենալով այդ իրավունքը, քանի որ մյուսների գումարն էլ ամբողջությամբ տնօրինել էր Ռուբեն Քոչարը։ Գիտենք, որտեղ են այդ գործերի մի մասը։
Դրանք համատեղ սեփականություն են եղել՝ հավասար տիրապետման իրավունքով։
Ցուցակները կազմվել են պատահականության սկզբունքով, գործերի մի մասը ներառվել են Ռուբենի անունով, մի մասը՝ Հայկազի։ Դրանք անգամ փաստաթուղթ կոչվելու իրավունք չունեն, ստորագրված չեն ոչ Ռուբենի, ոչ Հայկազի կողմից, տնօրենը չի ստորագրել, պայմանագիր չի կազմվել։ Ընդամենը կա Լալա Քոչարի կնիքը, որ տեսնելով այդ նկարները՝ կարգադրել է ներառել ժամանակավոր պահպանության մատյաններում։
Այդ 7 գործերի դիմաց այսօր՝ այն թվականների ֆոնդապահի կողմից գրառում կա՝ ետ են վերադարձված Հայկազ Քոչարին»։
Անդրադառնալով Ռուբեն Քոչարի կասկածներին, որ թանգարանում կան գործեր, որոնք հնարավոր է բնօրինակները չեն, մասնավորապես Քոչարի ինքնանկարը, Կ.Քոչարն ասաց. «Թող ունենա այդ կասկածները։ Սա արդեն մեկնաբանման ենթակա չէ»։
Նա ասաց, որ քննություն է ընթանում, երբ կստանան թանգարանի ֆոնդերի լիարժեքության մասին ուսումնասիրության արդյունքները, հետո կտեսնեն ինչ կանեն՝ դատարան կդիմեն, թե ոչ բարի համբավն արատավորելու կամ կեղծ տեղեկատվություն տարածելու վերաբերյալ։
«Եղբոր մահից հետո՝ 7-8 ամիս է սկսվել այս ամբողջ շանտաժն ու պատմությունը։ Մինչ այդ Ռուբեն Քոչարի կողմից չի եղել որևէ հարցադրում, պահանջ, որևէ հարց։ Մենք լռել ենք, երբևէ չենք բարձրաձայնել՝ համարելով սա շատ ամոթալի պատմություն Քոչարի անվան, պատվի, համբավի հետ կապված։ Սա այն հարցը չէ, որ պետք է հուզեր հանրությանը։ Սա փոխադարձ համաձայնությունների, փոխզիջումների, խոսակցություններով լուծվելու խնդիր էր՝ անձնական դաշտում»,- ասաց Քոչարի թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը։
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են
- Դիմել ենք իրավապահներին, քրգործ է հարուցվել. ԿԳՄՍ նախարարը՝ Երվանդ Քոչարի աշխատանքների անհետացման մասին
- Երվանդ Քոչարի թանգարանը հերքում է թվով 7 գործերի անհետանալու վերաբերյալ տեղեկատվությունը
- Սկանդալ ու հանցագործության ահազանգ. Երվանդ Քոչարի թանգարանից անհետացել են նկարչի 7 ստեղծագործություններ՝ մոտ 500.000 դոլար արժողությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան