Առջևի թաթը կորցրած ընձառյուծը երկու տարի անց հայտնվել է Տավուշում
WWF Armenia-ն տեղեկացնում է․
«Տավուշը կրկին հիացնում է։
Ուրախ ենք կիսվել Տավուշի անտառներից մեր ուշագրավ լուրով։ Չորս տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամ մեզ հաջողվեց գրանցել ընձառյուծ Տավուշի մարզում։ Սա ևս մեկ անգամ հաստատում է դեռևս խորհրդային տարիներից շրջանառվող տեղեկությունները Տավուշում ընձառյուծի հանդիպելու մասին։
Լուսանկարում պատկերված առանձնյակը ունի իր հուզիչ պատմությունը: Այն առաջին անգամ հայտնաբերվել էր 2019 թվականի փետրվարին Վայոց ձորում «Արփա» պահպանվող լանդշաֆտի ռենջերների կողմից։ Մեկ տարի անց դեռևս Վայոց ձորում գտնվելով՝ Արենը, ինչպես մենք անվանեցինք այս արու ընձառյուծին, կորցրել էր իր առջևի թաթը, սակայն ապաքինվել էր և կարողանում էր հաջողությամբ որս անել։ Արենը Վայոց ձորից ու մեր տեսադաշտից անհետացավ 2022 թվականի դեկտեմբերին, իսկ ահա երկու տարի անց, նա հայտնվեց Տավուշում՝ «Արփա» պահպանվող լանդշաֆտից 150 կմ հեռավորության վրա։
Այս բացահայտումը հնարավոր չէր լինի առանց Տավուշում մեր համայնքային ռենջեր Արման Գաբրիելյանի պատրաստվածության և զգոնության, ով 2019-ին նաև Տավուշի առաջին ընձառյուծը հայտնաբերելու «դրդապատճառը» դարձավ։
Այսպիսով WWF Հայաստանի ընձառյուծի մոնիթորինգի ծրագիրն ընդլայնվեց դեպի հյուսիսային Հայաստան, որտեղ մենք տեսախցիկների միջոցով հետևում ենք վայրի կենդանիներին արդեն վերջին 4 տարիների ընթացքում»: