23–ամյա երիտասարդը կալանավորվել է՝ քաղաքացու ավտոմեքենան հափշտակելու և Ոստիկանության ծառայողի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու մեղադրանքով
Պարզվել են 23–ամյա երիտասարդի կողմից մեկ այլ անձի ավտոմեքենան հափշտակելու և Ոստիկանության ծառայողի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքերի մի շարք հանգամանքներ։
Քննչական կոմիտեից հայտնում են, որ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2024թ. նոյեմբերի 10-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, 23–ամյա երիտասարդը, օգտվելով Երևան քաղաքի Գայի պողոտայում կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենայի դուռը բաց լինելու հանգամանքից, հափշտակել է այն և երթևեկել քաղաքի տարբեր հատվածներով։
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, Թբիլիսյան խճուղում երիտասարդը նշված մեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, ինչը նկատվել է նշված վայրում ծառայություն իրականացնող ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների կողմից։ Վերջիններս, բարձրախոսի միջոցով, լուսային և ձայնային ազդանշանների օգտագործմամբ, հրահանգել են կանգնեցնել մեքենան, սակայն 23–ամյա երիտասարդը, չենթարկվելով պարեկային ծառայության աշխատակիցների օրինական պահանջին, անկանոն երթևեկելով և ՃԵԿ-ի բազմաթիվ խախտումներ թույլ տալով, դիմել է փախուստի:
ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները հետապնդել են նրան, որի ընթացքում՝ Ռուբինյանց փողոցից դեպի Դ.Անհաղթ փողոց շրջադարձ կատարելու ժամանակ, վերջինս իր կողմից հափշտակված ավտոմեքենայով, ոստիկանության ծառայողների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով, դիտավորյալ բախվել է պարեկային ծառայության ավտոմեքենային և շարունակել երթևեկությունը Կոմիտասի պողոտայի ուղղությամբ։ Անցնելով «Լամբադա» կամուրջը՝ երիտասարդը կտրուկ շրջադարձ է կատարել Շիրվանզադեի փողոցի ուղղությամբ և նշված փողոցով իր անխափան փախուստն ապահովելու նպատակով կրկին հարվածել է հիշյալ փողոցը փակած պարեկային ծառայության մեկ այլ ավտոմեքենայի: Շարունակելով երթևեկությունը՝ երիտասարդը մուտք է գործել Մամիկոնյանց փողոց, որից էլ դեպի Գրիբոյեդով փողոց շրջադարձ կատարելու խոչընդոտը վերացնելու նպատակով դիտավորյալ հարվածել է պարեկային ծառայության ևս երկու ավտոմեքենայի: Այնուհետև կորցնելով «Օպել» մակնիշի ավտոմեքենայի կառավարումը՝ Գրիբոյեդով փողոցում բախվել է ծառին:
Նախաքննության ընթացքում կատարվել են դեպքերի՝ վթարի և հափշտակության վայրերի զննություններ։ Հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են դատաապրանքագիտական, դատաբժշկական և դատահոգեբուժական փորձաքննություններ։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 23–ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 452-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան