«Ադրբեջանը. փորձ է արվում խեղաթյուրել այդ խարտիայի բովանդակությունն ու նպատակը. Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակ
«Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել Էներգետիկ խարտիայի բովանդակությունն ու նպատակը, քանի որ դրա նպատակն էներգետիկ ոլորտում կայուն ներդրումների և առևտրի շրջանակի ամրապնդումն է, իսկ ադրբեջանական կողմը սա փորձում է ինչ-որ չափով կապել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել են Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից՝ անդրադառնալով 2024 թվականի նոյեմբերի 19-ին Ադրբեջանի կառավարության կողմից Հայաստանի դեմ հայցի հիմնական փաստաթղթի՝ Մշտական արբիտրաժային դատարան ներկայացնելուն, որի համաձայն՝ Հայաստանն, իբրև թե, խախտել է էներգետիկ ռեսուրսների նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխան իրավունքները։
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի պարզաբանմամբ՝ այստեղ խոսքը չի գնում որևէ նոր հայցի մասին․ սա դեռևս 2023 թվականի փետրվարի 27-ի՝ Էներգետիկ խարտիայի պայմանագրի հիման վրա արբիտրաժային ծանուցման ներկայացման մասին է։ Այս վարույթի քննությունն արդեն իսկ մեկնարկել է 2023 թվականին։
«Տեղի է ունեցել առաջին ընթացակարգային նիստը, ձևավորվել է տրիբունալ, որը քննել և ընթացակարգային որոշում է կայացրել, թե ինչպես պետք է վարույթն իրականացվի, և նիստից հետո սահմանվել է նաև ընթացակարգային ժամանակահատվածը, թե կողմերն ինչ ժամկետներում պետք է ներկայացնեն իրենց գրավոր դիտարկումներն ու դիրքորոշումները», - նշել են ներկայացուցչությունից։
Նշվել է, որ սա առաջին փաստաթուղթն է, որը պետք է ներկայացվեր ընթացակարգային որոշումից հետո, և ադրբեջանական կողմը ներկայացրել է իր ամբողջական հայցադիմումը, որովհետև արբիտրաժային ծանուցումը, որպես այդպիսին, գործի մեկնարկի համար ներկայացվող փաստաթուղթ է, բայց հայցադիմումը ներկայացվում է արդեն հետագա փուլերում․ «Սա արբիտրաժային նույն վարույթի շրջանակներում ամբողջական հայցադիմումն է, որը ներկայացվել է Ադրբեջանի կողմից»։
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի դիտարկմամբ՝ այս արբիտրաժային վարույթը համակարգվում է Մշտական արբիտրաժային դատարանի կողմից, և եթե նայենք այդ դատարանի կայքում, ապա կտեսնենք, որ կա սահմանված ժամանակացույցը, և ադրբեջանական կողմն ուղղակի ժամանակացույցի համաձայն ներկայացրել է հայցադիմում, որից հետո արդեն հայկական կողմը կանդրադառնա տրիբունալի իրավազորության հարցերին, ինչից հետո կներկայացնի իր դիտարկումներն ու առարկությունները։
«Սա, միգուցե, Արդարադատության միջազգային դատարանի կողմից կայացված վերջին որոշումների պատճառով է, որոնցում Ադրբեջանը պարտություն է կրել, և հիմա փորձում է նոր լույսի ներքո ներկայացնել այս գործը, այսինքն՝ զուտ վերահաստատում են այն արբիտրաժային վարույթը, որը մեկնարկել է դեռևս 2023 թվականին», - ասել են Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից։
Պարզաբանելով, թե որն է սույն վարույթի բուն էությունը և ինչ ընթացակարգեր են հաջորդելու վարույթի շրջանակեներում՝ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից նշել են, որ այն ներկայացվել է Էներգետիկ խարտիայի պայմանագրի հիման վրա։
«Ադրբեջանական կողմից փորձ է արվում խեղաթյուրել այդ խարտիայի բովանդակությունն ու նպատակը, քանի որ խարտիայի նպատակն էներգետիկ ոլորտում կայուն ներդրումների և առևտրի շրջանակի ամրապնդումն է։ Այնուամենայնիվ, ադրբեջանական կողմը սա փորձում է ինչ-որ չափով կապել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ», - ընդգծել են գրասենյակից՝ հավելելով, որ հայկական կողմն իր դիրքորոշումն ու դիտարկումները կներկայացնի արբիտրաժային վարույթի շրջանակներում։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան