Ընծայման տոնն է
Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ընծայման տոնը՝ Տոն Երեքամյա Ս. Աստվածածնի տաճարի ընծայման։
Ս. Կույս Մարիամին նվիրված տոներից է Երեքամյա Ս. Աստվածածնի տաճարին ընծայման տոնը, որ բոլոր քրիստոնեական եկեղեցիները ոգեկոչում են նոյեմբերի 21-ին: Ըստ ավանդության` երեք տարին լրանալուց հետո, Տիրամոր աստվածավախ ու բարեպաշտ ծնողները` Հովակիմն ու Աննան, իրենց ուխտի համաձայն, Մարիամին ընծայում են տաճարին, ուր նա մնում է մինչև նշանվելը:
Qahana.am-ը գրում է, որ տոնի հաստատումն առնչվում է այն տաճարի հետ, որ կառուցել է Հուստինիանոս կայսրն Աստվածածնի պատվին հին հրեական տաճարի տեղը, Մորիա բլրի վրա: Տաճարի նավակատիքը տեղի է ունեցել 543 թվականին նոյեմբերի 21-ին: 638 թվականին հետո, երբ Հուստինիանոսի կառուցած տաճարը վերածվում է մուսուլմանական մզկիթի, տոնակատարությունը տարածվում է ողջ քրիստոնյա աշխարհով մեկ: Աստվածածնի ընծայման տոնը Հայ Եկեղեցի մուտք է գործել ԺԸ դարում: Երեքամյա Ս. Աստվածածնի` տաճարին ընծայման տոնը Հայ Առաքելական Եկեղեցու անշարժ տոներից է:
Հայր Զաքարիան գրում է.
«Եկեղեցին Աստվածածնի անձի մեջ, ի շարս այլ առաքինությունների, ընդգծում է ՃՇՄԱՐԻՏ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ գաղափարը: Մի Մայր, որը ոչ միայն ծնում է և սնում իր զավակին, այլև ապրում, տառապում և հոգ է տանում նրա համար:
Այսօր էլ շատերը զավակներ են ունենում, արժանանում այդ մեծ շնորհին, բայց ինչ-ինչ պատճառներով հոգ չեն տանում, չեն կրթում և դաստիարակում նրանց, շատերն էլ պարզապես անտարբերության են մատնում իրենց զավակներին և լքում նրանց...: Արդյո՞ք այս անտարբեր վերաբերմունքի արդյունք չէ այն պարզ իրողությունը, որ շատերը շեղվում են ճշմարիտ ուղուց...:
Այս նյութապաշտ ժամանակներում, երբ դարերի բովում թրծված ու ժամանակի քննությունն անցած արժեքները կարծես թե ուզում են մոռացվել կամ համարվել արդեն հնացած, առավել ևս կարևորվում է մոր դերը մեր հասարակական և ընտանեկան կյանքում:
Մեր ազգի նվիրյալ զավակներից Գարեգին Հովսեփյան կաթողիկոսը հրաշալի ձևակերպել է մոր առաքելությունը. ընտանիքը մի եկեղեցի է, որի քահանան մայրն է: Ուստի, սիրելի՛ ՄԱՅՐԵ՛Ր, ձեզ է վստահված մատաղ սերնդի դաստիարակությունը, սա ավելի կարևոր է, քան ասենք կարիերա անելն ի հաշիվ մայրանալու:
Ինչ արժեքներ, որ սերմանեք ձեր զավակների սրտերում ու հոգիներում, դրանց պտուղներն էլ կքաղեք մեկ օր: Ըստ իս՝ սա է ԳՈՐԾՆԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան