Կառավարությունը 2025 թ.-ին բռնագաղթածներին տրամադրվող 50-հազարական նպաստը կիջեցնի 30 հազար դրամի
«2025 թվականի հունվար-մարտ ամիսներին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կկազմի 50 հազար դրամ»,-այս մասին հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ զեկուցելով Արցախից բռնագաղթածներին աջակցության որոշման նախագիծը և հիշեցնելով, որ նախկինում կար «40+10 հազար» աջակցության ծրագիրը, որը պետք է գործեր մինչև 2024 թվականի դեկտեմբերը:
Նրա խոսքով՝ մինչև մարտ շահառուների շրջանակը կլինի գրեթե նույնը, ինչ եղել է 2024-ին, սակայն 2025 թվականի ապրիլ-հունիս ամիսը ներառյալ, կառաջարկեն, որ սոցիալական աջակցության չափը սահմանվի 40 հազար դրամ։
«Միաժամանակ կհասցեագրել բռնի տեղահանված առանձին խմբերից հետևյալ անձանց. մինչև 18 տարեկան երեխաներին կամ պարտադիր կրթություն ստացող 18 տարին լրացած անձանց, 63 և ավելի տարիք ունեցող անձանց կամ կերակրողին կորցրածներին, ինչպես նաև առաջին կամ երկրորդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձանց»,- հայտնեց նախարարը և նշեց,որ 2025 թվականի հուլիս-դեկտեմբեր ամիսը ներառյալ աջակցությունը նույն խմբերի համար կսահմանեն 30 հազար դրամի չափով:
Այդ որոշումը, Նարեկ Մկրտչյանի ներկայացմամբ, պայմանավորված է 2024-ի հունիսից արդեն իսկ մեկնարկած բնակարանային պետական աջակցության ծրագիրով, որը շահառուների առանձին խմբերի համար հնարավորություն է տալիս պետության աջակցությամբ գնել կամ կառուցել սեփական բնակելի տարածք:
Ըստ նախարարի աջակցության նվազման մյուս պատճառն այն է, որ ներառվելու մասով բռնագաղթածների մոտ կա դրական միտում։
«Երբ հետևում ենք, որ բավականին մեծ թվով՝ շուրջ 25 հազար և ավելի տեղահանվածներ անցել են աշխատանքի կամ ձեռնարկատիրական գործունեությամբ են զբաղվում, որոնք 18-60 տարեկան անձանց շրջանում բավականին մեծ թիվ են կազմում, կարծում ենք, որ պետական աջակցությունը պետք է աստիճանաբար հասցեագրվի առավել թիրախային և երկարաժամկետ լուծումների նպատակով, հատկապես՝ բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրին»,-հայտարարեց Մկրտչյանը:
Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, թե աշխատունակ մարդուն քայլ-քայլ պետք է հրաժարվել ընդհանրապես աջակցություն տրամադրելուց, թե բա՝ աղքատությունը պետք է հաղթահարել միայն աշխատանքով:
«Սահմանափակումներ ունեցող մարդկանց պարագայում պետք է օգնենք, որպեսզի նրանք աշխատանքային հմտություններ ձեռք բերեն, որովհետև, կներե՛ք, բայց ժամանակակից աշխարհում նաև սայլակին գամված մարդը կարող է աշխատել և բավականին լավ վաստակել»,-հայտարարեց Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
- 3.7 մլրդ դրամ՝ 16 կմ ճանապարհի վերանորոգման և հիմնանորոգման համար
- Տեսնում ես՝ «Գազ 66»-ի ռամա է դրած մայթի վրա, պապու ռաման է բա...Տարեք ձեր ննջարանի պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
- 4615 բռնագաղթած մեր աշխատակիցների աջակցությամբ աշխատանք են գտել. Ռուբեն Սարգսյան
- 2025 թվականին էլ մոտ 4000 Արցախից բռնագաղթած ուսանողների ուսման վարձերը կփոխհատուցվեն