Հանուն տեղական արտադրողների վեց ամիս խոզ քիչ կներկրեն
6 ամսով կսահմանափակվի ընտանի տեսակների կենդանի խոզերի ներմուծումը Հայաստան։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։ Նախագծով առաջարկվում է 6 ամիս ժամկետով կիրառել քանակական սահմանափակում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ընտանի տեսակների կենդանի խոզերի՝ քանակով ոչ ավելի, քան 25 հազար հատի նկատմամբ։
Նախագծում նշվում է՝ Հայաստանի Հանրապետությունում ազգաբնակչության կողմից խոզի մսի միջին օրական սպառումը կազմում է 82 տոննա, որից 40-42 տոննա թարմ և պաղեցված խոզի միսն ամբողջությամբ ապահովվում է տեղական արտադրության հաշվին։
Հայաստանի Հանրապետությունում խոզի արտադրությամբ զբաղվում են շուրջ 80 խոշոր և միջին մասնագիտացված տնտեսավարող սուբյեկտներ։ Այդ տնտեսություններում կենտրոնացված է շուրջ 131 հազար գլուխ խոզ կամ հանրապետությունում բուծվող խոզերի ավելի քան 70%-ը։
Վերլուծությունները ցույց են տալիս, որ հայրենական սպառողները նախընտրում են քիչ ճարպային շերտով խոզի միս, որն առավելապես ստացվում է մինջև 90 կգ կենդանի զանգված ունեցող խոզերի սպանդից, երբ մսեղիքի զանգվածը կազմում է մինչև 50-60 կգ, իսկ առավել ճարպոտ միսը (երբ մսեղիքի զանգվածը գերազանցում է 60 կգ-ը) հիմնականում օգտագործվում է վերամշակման նպատակով (երշիկեղեն, խոզապուխտ և այլն)։
Հանրապետության սպառողների նախընտրած քիչ ճարպաշերտով մսի պահանջարկի գրեթե 50%-ը ապահովում են մեր տնտեսավարողները, իսկ մյուս կեսը լրացվում է ներկրման հաշվին, որը տարեկան կազմում է մինջև 90 կգ կենդանի զանգված ունեցող 40-45 հազար գլուխ խոզ։ Ներկրումները հիմնականում իրականացվում են Բելառուսի Հանրապետությունից և Ռուսաստանի Դաշնությունից։ Նախորդ տարի հանրապետություն է ներկրվել մոտ 41 հազար գլուխ այդպիսի զանգվածով խոզեր, մինչդեռ ընթացիկ տարում կտրուկ ավելացել են ներկրման ծավալները և հունվար-հուլիս ամիսներին ներկրվել է շուրջ 30 հազար գլուխ խոզ՝ նախորդ տարվա 19,2 հազարի փոխարեն կամ 56,3%-ով ավելի։
Ներկրման նման ծավալների պարագայում 2024 թվականին կարող է կրկնապատկվել կենդանի խոզերի ներկրման նախորդ տարվա ցուցանիշը, ինչը իրացման խնդիրներ կարող է առաջացնել խոզի մսի տեղական արտադրողների համար։ Արդյունքում՝ ներկրման ծավալների աճը կարող է հանգեցնել հանրապետությունում խոզի արտադրության ծավալների կրճատմանը, ինչը կավելացնի հանրապետության շուկայի կախվածությունը ներկրման ծավալներից և կառաջացնի ռիսկեր պարենային անվտանգության տեսանկյունից։
«Հարկ է նշել, որ 2024թ․-ի հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում առկա էր շուրջ 187 հազար գլուխ խոզ, որը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում էր 3,4 %-ով։ Ընդ որում, մայր խոզերի գլխաքանակը ևս 1,4% -ով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը։ Ակնկալվում է, որ 2024 թ․-ին, նախորդ տարվա համեմատությամբ, էականորեն կավելանան խոզի մսի տեղական արտադրության ծավալները և ներքին շուկայում, նախորդ տարվա համեմատությամբ, ավել կիրացվի 50կգ և ավելի կենդանի զանգված ունեցող 20-25 հազար գլուխ տեղական արտադրության խոզեր։ Այդ իսկ պատճառով, նկատի ունենալով խոզի մսի տեղական արտադրության ծավալների աճը, նպատակահարմար է ընթացիկ տարում 20-25 հազար գլխով նվազեցնել 50 կգ կամ ավելի կենդանի զանգված ունեցող կենդանի խոզերի ներկրման ծավալները։
Լայն սպառման համար ՀՀ տարածք հիմնականում ներմուծվում են 50 կգ կամ ավելի զանգվածով ընտանի տեսակների կենդանի խոզեր, 50 կգ կամ ավելի կենդանի զանգված ունեցող 20-25 հազար գլուխ կենդանի խոզերի ներկման ժամանակավոր արգելքի կիրառման պարագայում ներքին շուկայում կիրացվեն ընթացիկ տարում ավել աճեցվող տեղական խոզերը և քիչ ճարպաշերտով խոզի մսի պակասուրդ չի առաջանա։ Եվ քանի որ տեղական արտադրության խոզերի իրացման շնորհիվ հնարավորություն կլինի պահպանել խոզի մսի սպառման նախորդ տարվա մակարդակը, այս իրացման գինը ևս կպահպանվի նախորդ տարվա գների տիրույթում»,-ասված է նախագծում։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան